Իմ կարծիքով՝ Գյումրու դեպքը մանրամասն կազմակերպված սադրանք էր` հայ-ռուսական հարաբերությունները սրելու միտումով: Նախ չեմ հավատում, որ մի հոգին կարող էր էդպիսի բան անել, հետո էլ հասնել Բայանդուր, ու 16-17 կմ-ի վրա մեկը չկանգնեցներ, ասեր` ո՞ւր: Ծրագրավորած էր սադրանքը, որովհետև հստակ նշաններ էին թողնված հանցանքի վայրում, որն անմիջապես սլաքներն ուղղում էր դեպի կոնկրետ տեղ, որպես թիրախ ընտրված էր հայ հասարակության ամենաֆունդամենտալ ինստիտուտը` ընտանիքը, ու սպանությունը կատարվեց առանձնակի դաժանությամբ` չխնայելով անգամ երեխաներին, որն ավելի մեծ կրքեր կբորբոքեր:
Թե ում կողմից էր կազմակերպված, դեռ վաղ է դատողություններ անել, առավել ևս այն մարդկանց համար, ովքեր հեռու են սառը դատողությունից: Իրադրության սրացումը կարող է բերել կոլափսի, որից կօգտվեն միայն երրորդ ուժերը: Հայաստանում մայդանանման ցանկացած գործողություն անթույլատրելի է, ու չի կարելի թույլ տալ, որ առիթի սպասող արտաքին ուժերի հայաստանյան խամաճիկները հասնեն իրենց ուզածին: Հայաստանի տնտեսական վիճակն ի վիճակի չէ ոչ մի մեծ ցնցման: Ներկայիս իրավիճակում Հայաստանը չպետք է տրվի ոչ մի արտաքին հոսանքի ազդեցության, դա լինի թե՛ արևմտամետ և թե՛ ռուսամետ: Պետք է հասարակությունը հասկանա ու գնահատի մի բան. Հայաստանում ռուսական ռազմաբազան փոխշահավետ համագործակցության արդյունք է, ու ոչ թե մեր սիրուն աչքերի համար մեր ռուս եղբայրները եկել են մեզ պաշտպանելու: Սա Ռուսաստանի միակ ռազմական ներկայությունն է Անդրկովկասում, ու փայտով էլ ծեծես, Ռուսաստանը չի հեռանա Հայաստանից, սա միակ բազան է, որտեղից Մոսկվան մահակ կարող է թափ տալ մեր հարևան բոլոր պետությունների վրա, միևնույն ժամանակ այդ ռազմական ներկայությունն անհրաժեշտ է նաև Հայաստանին, որն ինչ-որ չափով անվտանգության երաշխիքներ է ապահովում մեզ համար ու զսպաշապիկի դեր կատարում մեր ռազմատենչ հարևանների համար:
Այս պարագայում Հայաստանի միակ հույսն ադեկվատ ու սեփական ուժերի վրա հիմնված մոտեցումն է, հայտնվել ենք լարախաղացի կարգավիճակում, երբ ցանկացած քայլ, որը դուրս է գծից, կարող է բերել անդառնալի հետևանքների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/890273597679139?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել