Հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի Եվրոպայի բացահայտումներից էր, և այսօր «Շախտյորին» հյուրընկալելիս` «Յուվենտուսը» պետք է զգուշանա նրանից, գրում է Goal.com-ը:
«Դոնբաս Արենան» շատ երաժշտական մարզադաշտ է: «Շախտյորի» ամեն գոլից հետո մարզադաշտում հնչում է գոլահարի ազգային երաժշտությունը: Հանդիսականները հաճախակի են ունկնդրում սամբայի ռիթմերը, քանի որ «հանքափորների» հարձակման գիծն ու կիսապաշտպանությունը մեծամասամբ հիմնված է բրազիլացիներ Լուիս Ադրիանոյի, Վիլիանի, Ֆերնանդինյոյի, Իլսինյոյի, Տեյշեյրայի և Դուգլաս Կոստայի վրա:
Այսքանից հետո, ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն պետք է, որ փայլուն տիրապետի պորտուգալերենին: Այդուհանդերձ, այս մրցաշրջանում սամբան այդքան հաճախակի չէ հնչում, որի տեղը զբաղեցրել է հայ հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարը»: Արևելյան Ուկրաինայում այս երաժշտության հայտնի դառնալու «մեղավորն» է Հենրիխ Մխիթարյանը:
23-ամյա այս կիսապաշտպանն անգերազանցելի է վերջին ամիսներին: Մխիթարյանը, ով «Շախտյորում» իր անցկացրած առաջին տարում` 2010/11 մրցաշրջանում 4 անգամ էր դարձել գոլի հեղինակ, իսկ նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում աչքի էր ընկել 11 անգամ, հուլիսից ընդամենը 11 խաղերում 15 անհավանական գոլերի հեղինակ է դարձել: Այս ամենին ավելացնելով նաև 4 գոլային փոխանցումները, ստացվում է բավականին վտանգավոր ու անկասելի ֆուտբոլիստ:
Այսօր երեկոյան «Յուվենտուսը» կարող է համտեսել հայազգի ֆուտբոլիստի դեմ պայքարի դժվարությունները, ով Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում երկու գնդակ է ուղարկել Դանիայի չեմպիոնների դարպասը:
Նրանք, ովքեր հետևել են Մխիթարյանի կարիերայի զարգացմանը, այս սխրագործություններով չեն զարմանա: Նրա խելահեղ տաղանդը նկատելի էր դեռ շատ վաղուց:
Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը Խորհրդային առաջնությունում 1980-ական թթ Երևանի «Արարատի» աստղն էր, ով 46 գոլ էր խփել ակումբի կազմում: 1990-ականների սկզբին ավագ Մխիթարյանը տեղափոխվել էր Ֆրանսիա, որտեղ էլ անցկացրել է իր վաղ մանկությունը Հենրիխը:
Դժբախտաբար, Համլետ Մխիթարյանը հնարավորություն չունեցավ ականատես լինել իր ժառանգի` բացառիկ ֆուտբոլիստ դառնալու գործընթացին` 33 տարեկան հասակում հեռանալով կյանքից գլխուղեղի ուռուցքի պատճառով:
Ի տարբերություն հոր, Հենրիխը հիմնականում խաղացել է կիսապաշտպանությունում` 17 տարեկանում սկսելով իր կարիերան Երևանի «Փյունիկում»: 2009թ. նա արդեն 4 անգամ հաղթել էր Հայաստանի առաջնությունը և ակնհայտորեն չափից դուրս լավն էր` մնալու համար:
Նրա ծառայություններով հետաքրքրված մի շարք ակումբներ ձեռք բերելու փորձեր են արել: Մխիթարյանը կարող էր հայտնվել Ֆրանսիայում, որտեղ լեզվական ոչ մի խնդիր չէր ունենա: «Լիոնը» և «Լիլը» պոտենցիալ թեկնածուներ էին: Հետաքրքրություն կար նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» և «Բոկա Խունիորսի» կողմից: Այդ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը նշել էր. «Սա շատ կարևոր ընտրություն է, ես պետք է ընտրեմ այն թիմը, որտեղ հիմնական կազմում ապահովված տեղ կունենամ»:
Այս տրամաբանությունը Մխիթարյանին բերեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ Յայա Տուրեն իր կարիերայի սկզբում անցկացրել էր տարուց ավել, ապա 2 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Օլիմպիակոս» 2005թ.: Հայ ֆուտբոլիստի համար «Շախտյորը» վճարել է 7.5 մլն եվրո 2010թ.:
«Մետալուրգում» անցկացրած իր միակ լրիվ մրցաշրջանում Հենրիխն անքննելի առաջատարն էր` կիսապաշտպանությունից 14 գոլի հեղինակ դառնալով ու ավագի թևկապով առաջնորդելով իր թիմին մինչև Ուկրաինայի գավաթի եզրափակիչ:
Այս ֆուտբոլիստի համար պայքարում «Շախտյորին» հաջողվեց առաջ անցնել անգլիական «Տոտենհեմին» և «Վերդերին», իսկ այս ակումբները դեռ շատ կզղջան նման խաղացող ձեռքից բաց թողնելու համար:
Սկզբում Լուչեսկուն Մխիթարյանին օգտագործում էր փոքր-ինչ հետ քաշված դիրքում, որտեղ նրա խաղը կարդալու ունակությունն ու ճշգրիտ փոխանցումները շատ օգտակար էին: Նախորդ մրցաշրջանի վերջնամասում, սակայն, մասնագետը առաջ քաշեց հայ ֆուտբոլիստին` տալով նրան ազատ դեր անմիջապես հարձակվողներից հետո: Արդյունքները խոսում են իրենց մասին:
Երկու ոտքով խաղին հրաշալի տիրապետող, առջևի գծում սառնասիրտ ու ծայրահեղ վստահ Մխիթարյանը ծաղկեց: Երկրպագուների կողմից տարվա խաղացող ճանաչվելուց հետո նա հայտարարել էր. «Անկասկած, ես ինձ հարձակման գծի մոտ շատ ավելի վստահ եմ զգում, բայց և դեմ չեմ խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, եթե թիմը դրա կարիքն ունի»:
Համեստությունը Մխիթարյանի գլխավոր որակներից մեկն է: Նա բազմիցս հայտարարել է, որ իրեն աստղ չի զգում, նույնիսկ, երբ Ուկրաինայի ամենահաջողակ թիմի լավագույն խաղացողներից է, ով «հանքափորների» հետ անցկացրած երկու տարում 2 անգամ հաղթել է երկրի առաջնությունն ու դարձել կրկնակի գավաթակիր:
Թիմին օգտակար լինելու նրա կամքը կարելի է ընդգծել 2011/12 մրցաշրջանի վերջին խաղից մի գեղեցիկ օրինակով: Չեմպիոննությունն արդեն ամրագրած «Շախտյորը» «Օլեկսանդրիայի» հետ խաղում առջևում էր 2:0 հաշվով, երբ Մխիթարյանը, ով առաջին խաղակեսում արդեն գրավել էր դարպասը, աչքի ընկնելու երկրորդ շատ հեշտ հնարավորությունն էր ստացել:
Սակայն գնդակը դարպասն ուղարկելու փոխարեն, հայը այն փոխանցեց Եվեն Սելեզնյովին, որպեսզի նա դառնա առաջնության համար մեկ ռմբարկուն: Նույնքան առատաձեռն, որքան` տաղանդավոր Մխիթարյանը շատ սիրված ու հարգված է հանդերձարանում:
Բացի «Շախտյորի» կազմում հաջողություններից, Մխիթարյանը մի շարք գլխագրերում է հայտնվել նաև Եվրո-2012-ում Հայաստանի տպավորիչ արշավից հետո, որտեղ Հենրիխը 6 գոլ էր հեղինակել: Հայաստանն այս մրցաշարի ամենամեծ անակնկալներից էր` երկու անգամ խոշոր հաշվով պարտության մատնելով Սլովակիային:
Միայն որակավորման փուլի վերջին օրը Դուբլինի չարաբաստիկ պարտությունը թույլ չտվեց նրանց մտնել փլեյ-օֆֆ: Մխիթարյանը, ով ազգային ընտրանիում նորամուտը նշել է 18 տարեկանում, արդեն իր երկրի առաջատար ֆուտբոլիստներից է, ով հիանալի համագործակցում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու, «Կրասնոդարում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի հետ:
Հայաստանը թերևս այնքան էլ հաջողակ չի գտնվել 2014թ աշխարհի առաջնության որակավորման փուլում ընդգրկվելով նույն խմբում Իտալիայի, Չեխիայի և Բուլղարիայի հավաքականների հետ: Այդուհանդերձ, իտալացիները պետք է զգուշանան այնտեղ աճող տպավորիչ պոտենցիալից:
Անցած շաբաթ «Դնեպրի» դարպասն ուղարկած գոլը 100-րդն էր նրա բարձրացող կարիերայում: Անտարակույս, նա ներկայումս Եվրոպայում ամենալավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներից մեկն է:
«Յուվենտուսի» Ջանլուիջի Բուֆոնը, Ջորջո Կելինին, Անդրեա Բարցալին և Լեոնարդո Բոնուչին անկասկած կուսումնասիրեն նրան այսօր Չեմպիոնների լիգայի շրջանակներում` նախքան հաջորդ ուրբաթ օրն արդեն ազգային թիմի մարզաշապիկով Երևանում նորից երիտասարդ տաղանդին հանդիպելը: Երկու դեպքերում էլ նրանք չափազանց զգոն կլինեն:
Նյութը` sportarmenia.com