Tert.am-ը գրում է․
Ինչպես երեկ Գյումրիում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիներին խոստացել էին, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազության շենքի առջև պատասխանեց հավաքված գյումրեցիների հարցերին: Նա վստահեցրեց, որ հունվարի 12-ին Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում:
Գյումրեցիների հարցին, թե ինչու այդ դեպքում ռուս զինվորականները ՀՀ իրավապահներին չեն հանձնում գործող մեղադրյալ Վալերի Պերմյակովին, պատասխանեց. «Հանձման մասին հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ տվյալ անձը երկրի սահմաններից դուրս է լինում։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ունենք երկրի սահմաններում գտնվող անձի վերաբերյալ հարց, նման բան չի քննարկվել»:
Մեկ այլ հարցին, թե մեղավորը Հայաստանո՞ւմ է պատիժը կրելու, թե՞ ՌԴ-ում և արդյո՞ք ՀՀ դատարանն է իրականացնելու արդարադատություն, գլխավոր դատախազը պատասխանեց.«ՀՀ-ի տարածքում իրականացվելու է արդարադատությունը: Հիմա չի քննարկվում այդ հարցը՝ որ դատարանն է քննելու գործը: Ոչ թե ես հարցի պատասխանը չգիտեմ, այլ հիմա չի կարող քննարկվել այդ հարցը: Ես դրա պատասխանը ո՞նց տամ»։
Մեկ այլ հարցի, թե իրավազորության հարց քննարկվե՞լ է, դատախազը պատասխանեց, որ այն լուծված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական պայմանագրով:
Գյումրեցիներին դատախազի պատասխանը չգոհացրեց և նրանք սկսեցին աղաղակել: Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ 10-15 հոգով բարձրանան աշխատասենյակ ու քննարկեն հարցը, ինչին որևէ մեկը չհամաձայնեց: Դատախազը հեռացավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



