Մի շատ նուրբ թեմայի եմ ուզում անդրադառնալ ու խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ։ Գուցե դրա ժամանակը չէ հիմա, բայց այսպիսի մի հարց եմ ուզում տալ. մարդկանց հոգեհանգիստն ու թաղումները պարտադի՞ր է ուղիղ հեռարձակմամբ ու «նոր ֆոտոշարք» տիպի վերնագրով հոդվածներով լուսաբանել։
Թաղումն ու հոգեհանգիստը մարդկային սգի ծիսակարգային արարողություն է, որը, ըստ իս՝ պահպանողական հայացքների տեր մարդուս, շատ խորը սակրալ նշանակություն ունի ու չի կարելի դիտարկել դրանք որպես լրատվական իվենթ ու առավել ևս չի կարելի դրանց մեջ որոշակի առումով շոուի էլեմենտ մտցնել։
Ու ինչն է ինձ ավելի շատ հուներից հանում՝ գտնվում են անամոթներ, ովքեր առանց ամաչելու, հրապարակայնորեն ֆեյսբուքում տարածում են Ավետիսյանների թաղման ուղիղ հեռարձակումն ու ազատ քննարկումներ ծավալում, թե հավաքվածներն ինչքան շատ են, ու հավաքվածների որ մասն է թաղումից հետո գնալու ցույցի, ու ինչ լավ է, որ այդքան շատ է։
Չե՞ք կարծում, որ դա առնվազն կոռռեկտ չէ Ավետիսյանների ու նրանց հարազատների հանդեպ։ Ու առհասարակ, չե՞ք կարծում, որ այնպիսի սակրալ նշանակություն ունեցող իրադարձությունները լուսաբանելիս, որքան էլ դրանք ռեզոնանսային լինեն, պետք է բավարարվել կարճ, լակոնիկ ու չոր հաղորդագրություններով։
Հ.Գ. Խորապես ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին ու բարեկամներին, թող հողը թեթև լինի անցավորների վրա։