Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 25-ամյա Գավռուշ Հարությունյանը, վարելով «ՄԻցուբիշի պաջեռո իո» մակնիշի 98 LQ 999 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 349,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի աջ կողմակ և մոտ 150 մ գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Սյունիքի մարզի փրկարար վարչության, Մեղրի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները, որոնք քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել մահացած Գ. Հարությունյանի դին: Իսկ ուղևոր, Քաջարան քաղաքի բնակիչ, 22-ամյա Նվեր Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն: Վերջինս աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, դասակի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում է եղել նաև ՃՈ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/Meghri-accident.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել