Հունվարի 12-ին Գյումրիի 7 հոգանոց ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատաքննությունը պետք է անցկացվի Հայաստանում: Այս մասին այսօր`հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը` մատնանշելով ՌԴ-ում դատապարտված  երկու ՀՀ քաղաքացիների` Հրաչյա Հարությունյանի եւ քրեական հեղինակություն «Զապի» հայտնի դեպքերը:

«Գործի քննությունը հանձնվել է ռուս իրավապահներին, բայց երբ մեր Հրաչյա Հարությունյանը`սովորական մի վարորդ, վթարի ենթակվեց, եւ մարդիկ զոհվեցին, անմիջապես նրան տարան, դատարանում նսեմացրին եւ դատեցին իրենց երկրի օրենքներով, քանի որ իրենց երկրում էր դեպքը կատարվել: Բա սա որտե՞ղ է կատարվել: Վերջիվերջո, կատարվել է մեծ ողբերգություն, 7 հոգանոց ընտանիքի 6 անդամները սպանվել են, ինչու՞ պետք է Ռուսաստանում գործը քննվի: Պերմյակովը դեռեւս գտնվում է ռազմաբազայում, գուցե 1 ժամ հետո նրան կտանեն Մոսկվա եւ այնտեղ հետաքննություն վարեն, այնտեղ էլ մեր իրավապահները կօգնեն իրենց, ի՞նչ օգնության մասին է խոսքը, հանցագործությունը կատարվել է այստեղ, այստեղ  էլ պետք է դատվի»,- ասաց քրեագետը:

Սերգեյ Գալոյանը զուգահեռներ տարավ հունվարի 12-ի եւ 1999թ. ապրիլի 14-ին Գյումրիում նույն 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարված սպանությունների միջեւ` հավատացնելով, որ վերջին դժբախտ դեպքը 1-ին հանցագործության նկատմամբ հետեւողականություն չցուցաբերելու պատճառով է կատարվել:

«Մենք արդեն սովոր ենք սպանություններին: Սովորեցինք այն պարզ պատճառով, որ 1999թ. ապրիլին ռուս զինվորները նույն զորակայանից հարբած, լիցքավորված ինքնաձիգերով Գյումրիում գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 15 մարդու, բայց չգիտենք, թե ինչ եղան այս երկու տականքները, որտե՞ղ դատվեցին, ինչքա՞ն: Դեպքը արդեն ջրվել, գնացել է, եթե 99-ի դեպքը այսպես անցավ-գնաց, 5-6 տարի հետո այդ դեպքի մասին էլ կմոռացվի, հետո կասեն՝ չի եղել: Եթե 1999թ. նրանց դատեին Հայաստանում,  հիմա նման բան չէր կատարվի. սրան էլ եթե տանեն ու նորից անհետացնեն, նման բան նորից կկատարվի»,- ասաց Գալոյանը:

Քրեագետը բացառեց այն վարկածները, թե Վալերի Պերմյակովը ադրբեջանական լրտես է, հակառուսական տրամադրություն ստեղծելու հրաման է ստացել, կամ կրոնական հողի վրա է հանցագործություն կատարել:

Հիշեցնենք, որ 1999թ. ապրիլի 14-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու զինվորներ զինված փախուստի էին դիմել զորամասից, հասել էին Գյումրու կենտրոնական շուկա, անկանոն կրակահերթ բացել։ Կրակահերթից զոհվել էր 1 եւ վիրավորվել 7 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել