Panorama.am-ը գրում է․
Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի»՝ Ժողովրդավարական հետազոտությունների միջազգային ֆորումի կողմից հունվարի 12-ին հրավիրվել էր լայն քննարկում Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքի ոտնահարման և ազատ հայացքների տեր գործիչների՝ իրավապաշտպանների, լրագրողների, գիտնականների նկատմամբ անընդհատ բռնաճնշումների ու ձերբակալությունների մասին:
«Ադրբեջանում ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումները» խորագրով գրեթե երկու ժամ տևողությամբ քննարկման հիմնական թեման, ըստ ֆորումի կազմակերպիչների՝ եղել է Ադրբեջանում ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումների աննախադեպ ընթացքը:
«Ի հավելումն նրան, որ երկիրը տևական ժամանակ է ինչ վատ ցուցանիշներ է գրանցում մարդու իրավունքների հարցում, վերջին ամիսներին կտրուկ կասեցվեց խիզախ և ճկուն քաղաքացիական հասարակության գործունեությունը: Ձերբակալությունները, հետապնդումներն ու բռնաճնշումներն անկախ ակտիվիստների նկատմամբ կանոնավոր բնույթ են կրում և տարածվել են անգամ երկրի ամենահայտնի լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների վրա: Այս հռետորաբանությունն ու ահագնացող բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ վտանգավոր նախադեպ են տարածաշրջանում:
Նման բռնաճնշումները իրենց հետևում ունեն մեկից ավելի պատճառներ, որոնք պատասխան են ներքին և արտաքին ազդակներին: Մի քանի զանգվածային բողոքի ակցիաներ են եղել 2013թ-ի ձմռանը, որոնք ողղված են եղել կոռուպցիայի և սոցիալական անհավասարության դեմ: 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հավաքվեց ընդիմադիր մեկ թեկնածուի շուրջ՝ ցուցադրելով կազմակերպվածության բարձր մակարդակ, որը նախկինում չի եղել: Ահա հենց այս գործոնների պատասխան քայլերն են ներկայիս բռնաճնշումները, որոնք սկսեցին ինտենսիվ դառնալ 2014թ-ի ընթացքում:
Չնայած Ադրբեջանը շարունակում է սերտորեն համագործակցել մի շարք եվրոպական կառույցների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի, այնուամենայնիվ միջազգային կազմակերպությունները չեն ցանկանում կամ ի վիճակի չեն Ադրբեջանին պահել իր ժողովրդավարական պարտավորությունների սահմաններում: Միջազգային ամենատարբեր կառույցների կողմից հնչող կոչերը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառելու վերաբերյալ մեծանում են, սակայն Ադրբեջանը շարունակում է չկատարել իր միջազգային պարտավորությունները», - ասված է ֆորումի պաշտոնական էջում:
Քննարկմանը մասնակցել են ադրբեջանցի և արևմտյան մի շարք ականավոր գործիչներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը, Բաքվի պետական համալսարանի թյուրքագիտության պրոֆեսոր Ալթայ Գոյուշովը, Մասաչուսեթսի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Օդրի Ալթշտադտը, ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ավագ վերլուծաբան Քեթրին Կոսմանը, ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Թոմաս Մելիան և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիական ծրագրերի ղեկավար Միրիամ Լանսկոյը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ