Երեկվանից հանդիպում եմ քաղաքապետարանում տեղի ունեցած ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման մասնակիցներին ուղղված քննադատություններին: Ասեմ, որ միշտ չեմ ընդունել կեղծ բարեպաշտությունը, ինչը նշանակում է, որ անգամ ամենազարհուրելի իրավիճակում կարևորը ոչ թե տխուր դեմքն է, այլ գործողությունները:
Էական չէ, թե քանի հոգի է երեկ ժպտալով նկարվել, քանիսն են արցունքն աչքերին սելֆիներ արել և դրել ՖԲ, շատ ավելի կարևոր է, թե այդ մարդկանցից ովքեր են ծանր պահին իրականում պետության, ազգի և հենց տուժածների կողքին եղել: Երեկ քաղաքապետարանում ներկա ԶԼՄ ներկայացուցիչներից շատ շատերը մշտապես հասարակության անդամների կողքին են եղել, շատ դեպքերում վտանգելով իրենց անձնական անվտանգությունը՝ պաշտպանել են հասարակ քաղաքացիներին: Գյումրիում տեղի ունեցածն անմարդկային հանցագործություն է, ինչը չի կարող չազդել մարդկանց թե տրամադրության, թե հոգեվիճակի վրա:
Ես էլ եմ ներկա եղել քաղաքապետարանի կազմակերպած հանդիպմանը, և մի՞թե կգտնվի ինչ-որ մեկը, ով կարող է ասել, որ Գյումրիում տեղի ունեցած դեպքերը չեն ազդել ինձ վրա: Ես չեմ կարող այլոց զգացումների մասին խոսել, սակայն վստահ եմ, որ երեկ քաղաքապետարանում ներկա գտնվող յուրաքանչյուր ոք խորապես ազդված էր՝ այնտեղ կային այնպիսի լրագրողներ, ովքեր շատ ավելին են արել թե այս ազգի, թե ազգի առանձին ներկայացուցիչների, թե պետության համար, քան տխուր դեմքով սելֆիներն ու ցավակցական ստատուսներն են:
Չի կարելի խառնել ամեն ինչ՝ վիշտ, ցավ, տխրություն, բոլորս էլ մարդ ենք և հասկանում ենք իրավիճակի լրջությունն ու ազգային ցավը, բայց դա չի նշանակում, որ այդ ցավը պետք է հաղթահարել՝ ազգային սուգ պահելով: Սգալով չեն լուծվում հարցերը, հիմա հակառակն է պետք անել՝ դուրս գալ էմոցիոնալ վիճակից և ազգովի ուժ դառնալ՝ կանխելով հետագայում նման դեպքերի կրկնությունը:
Պետք է ազգովի ոչ թե ՖԲ-ում ստատուսներ գրենք, որ ամոթ է, ծիծաղում էին, այլ պետք է բոլորս միասին պահանջենք պատժել այդ մարդկային տականքին, ողջ մնացած փոքրիկին ուշադրությամբ և հոգատարությամբ պատենք, հետաքրքրվենք՝ արդյոք հարազատները որևէ օգնության կարիք ունե՞ն և այսպես շարունակ:
Մի՞թե հիմա ժամանակն է ազգային պառակտումներ ստեղծելու, ցույց տալու, որ տեսեք-տեսեք, մարդիկ կան, որ ժպտում են, այն էլ մատնանշել լրագրողներին, ովքեր ամբողջ օրվա, նույնիսկ գիշերվա ընթացքում են մտածում այդ ողբերգության մասին, պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: