Untitled-31in.am-ը գրում է․

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք նիստից առաջ 2014 թվականի հունիսի 12-ին, ժամը 11-ն անց 45 րոպեին դատարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների շարքում լինելով՝ բարձրացել է դատարանի մոտ կայանած «Միցուբիշի Պաջերո» մեքենայի տանիքին, քայլել է այդ տանիքի վրայով՝ մեքենատեր Քրիստինա Ս.-ին պատճառելով 284 հազար դրամի գույքային վնաս:

Հայկը, ըստ մեղադրական եզրակացության, մեքենայի տանիքին գտնվելով, աղմկել է, որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ, դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին՝ Հայկ Կյուրեղյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստամասսայե առարկայով պայթեցնել բազմության մոտ կայանված մեքենան:

Հայկ Կյուրեղյանը կրակել է իրեն մեքենայի տանիքից իջեցնելու փորձ կատարող ոստիկան, վաշտի հրամանատար Արայիկ Աբելյանի ուղղությամբ, նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի աջ կեսի սալջարդ վերքի ձևով:

Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրանց չենթարկվելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 316 հոդվածի 2-րդ մասերով:

Նախորդ դատական նիստին դատարանին չհարգելու, այդ մասին բացահայտ հայտարարելու, դատարանը «գրպանի, խաղալիք դատարան» կոչելու», ոտքի չկանգնելու պատճառով նախագահող դատավորի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել, և նա հեռացվել է դատարանի դահլիճից:

Այս սանկցիայի կիրառման դեպքում պաշտպանի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է: Դատարանը նախորդ նիստին որոշել է ներգրավել հանրային պաշտպանի:

Նիստը այս պահին սկսվեց ու հետաձգվեց, որովհետև դատարանի դահլիճում Վարդգես Գասպարին ոտքի չկանգնեց դատավորի ներս մտնելու պահին:

Նախագահողը նրան դուրս հրավիրեց դահլիճից, բայց Գասպարին հրաժարվեց դուրս գալ՝ հայտարարելով, թե ինքը չի հարգում դատավորին, նրա կայացրած վճիռների մեծ մասը Եվրադատարանում է, նա հարգանքի արժանի դատավոր չէ:

Գասպարիին քարշ տալով հանեցին դատարանի դահլիճից: Նա պառկած էր դատարանի միջանցքում՝ նստարանի տակ՝ որովայնը բաց: Այս պահին Գասպարիին համոզեցին, նա նստել է նստարանին:

Դատական նիստը հետաձգվեց, բայց շուտով կվերսկսվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել