Սիեթլ քաղաքում բնակվող այս շունը Էկլիպսն է։ Նա ամեն շաբաթ միայնակ երթևեկում է հասարակական ավտոբուսով։ Նա անօթևան շներից չէ։ Նրա տերը՝ Ջեֆ Յանգը, բացատրել է, թե ինչպես են սկսել նրա միայնակ ուղևորությունները դեպի շների համար նախատեսված այգի։ Բանն այն է, որ Յանգը ծխում էր, երբ շան հետ միասին կանգառում ավտոբուսի էր սպասում՝ շանը այգի տանելու համար։ Ինչպես հայտնի է, հասարակական տրանսպորտում ծխել չի կարելի։ Ուստի եթե Յանգը վեջացրած չէր լինում ծխախոտը նախքան ավտոբուսի ժամանումը, նա չէր նստում ավտոբուս, այլ հանգիստ շարունակում էր ծխել՝ սպասելով մյուս ավտոբուսին։ Էկլիպսը կարծես այնքան էլ չէր ցանկանում կանգառում երկար սպասել, ինչ է, թե իր տերը որոշել էր թունավորել սեփական օրգանիզմը ծխախոտով։ Այդ իսկ պատճառով հենց որ ավտոբուսը գալիս էր, նա ներս էր ցատկում ու երթևեկում առանց տիրոջ։ Յանգը միանում էր Էկլիպսին արդեն շների համար նախատեսված այգում։ Քանի որ Էկլիպսն ամեն շաբաթ երթևեկում է նույն համարի ավտոբուսով, այնտեղի գրեթե բոլոր ուղևորները ճանաչում են նրան։ Նրա ներկայությունը ավտոբուսում զվարճացնում է նրանց, և բոլորը հասցրել են կապվել Էկլիպսի հետ։ Էկլիպսը երբեք չի շփոթում կանգառը ու սխալ տեղ չի իջնում ավտոբուսից։ Նա հասուն մարդու պես ավտոբուսի պատուհանից հետևում է ճանապարհին և իջնում ճիշտ կանգառում։ Այնուամենայնիվ, ի տարբերություն մարդկանց՝ նա ուղեվարձ չի վճարում, սակայն վարորդն այնքան էլ չի բարկանում դրանից. չէ՞ որ այսպիսի խելոք շանն արժե արտոնյալի կարգավիճակ տալ։









