Azatutyun.am-ը գրում է․
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը սպասում է իր պաշտպանյալ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու դիմումի պատասխանին։
Փաստաբանի խոսքով, Հարությունյանի վերաբերյալ դատավճռից հետո դիմումի խնդրանքն է՝ Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հարությունյանին Ռուսաստանի բանտից Հայաստանի բանտ տեղափոխելը:
«Մենք պետք է միայն այդ կապակցությամբ դիմենք, պատժաչափը Հայաստանում կրելու հարցով։ Մնացածը՝ այդ գործընթացը, կարգավորում են երկու երկրների արդարադատության նախարարությունները»,- ասաց փաստաբանը:
Հայաստանի Արդարադատության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, Հարությունյանի կինն անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է նախարարություն՝ խնդրելով, որ ամուսնուն տեղափոխեն Հայաստան: Նախարարության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ դիմումին ընթացք են տվել, հիմա Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի Արդարադատության նախարարության հետ «քննարկումների մեջ է»։
Մոսկվայի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 25-ին մերժել էր Հրաչյա Հարությունյանի բողոքը: Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Հարությունյանը դատապարտվել է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդու մահվան, բացի այդ՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Իրեն 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատավճիռը բողոքարկելով, Հարությունյանը պահանջել էր արդարացում երկրորդ մեղադրանքով: Սակայն, Մոսկվայի դատարանը չէր ընդունել հայ վարորդի փաստարկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



