Ինչքան հասկանում եմ, օրենքով նախատեսված պատիժը նաև նպատակ է հետապնդում կանխել հետագա հնարավոր հանցագործությունները: Հիմա էս ռուս զինվորի կատարած հանցագործությունը հնարավոր է դարձել նաև ռուսական ռազմաբազայի որոշ զինծառայողների հանցավոր գործունեության կամ անգործունեության պատճառով, և հետևաբար տրամաբանական կլինի, որ ամբողջական քննություն տանի ռուսական կողմը, բացահայտի և պատժի մեղավորներին՝ սրանով կանխելով հետագա նմանատիպ հանցագործությունները: Հայկական կողմն էլ ամենաքիչն իր իրավապահների շրջանում ծառայողական քննություն անցկացնելու խնդիր ունի՝ պարզելու համար, թե ինչպես է ավտոմատավոր մարդն առնվազը 40-50 րոպե շրջել թող որ վաղորդյան Գյումրու փողոցներում և աննկատ մնացել պարետապահակային ծառայության կողմից: Օրինակ վերջերս, իսկ ավելի կոնկրետ դա այն օրն էր, երբ «Մոսկվա» կինոթատրոնում «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերիան էր, անցնում էի կինոթատրոնի մոտով և «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցի դիմաց, ինձ հետևից մոտենալով, պատվի առան և ներկայանալով՝ իմ մոտ հնարավոր զենքի, զինամթերքի, կտրող, ծակող գործիքների առկայության մասին հարցում արեցին երկու նորաթուխ ոստիկան: Սկզբում մի քիչ անակնկալի եկա, քանի որ Վանոյի «ժամանակներից» այս կողմ նման հարցով ինձ ոչ մի ոստիկան չէր դիմել, և մինչ իմ մեջ քցում-բռնում էի, թե տեսնես բանն ինչումն է, նրանց նայվածքից հասկացա, որ ակնարկում են գրպանիցս երևացող պլաստմասե «կոթը»: Այդ «կոթը», իհարկե, ոչ դանակի և ոչ էլ ատրճանակի «կոթ» էր, այլ մոտ 7-8 տարի առաջ ընկերոջս կողմից ԱՄՆ-ից բերված բանալիների կապոցի պահպանման համար նախատեսված պլաստմասե փական: Մեծ էր մեր երիտասարդ ոստիկանների հիասթափությունը, որոնք տարածքը «սանրում» էին Սերժ Սարգսյանի գալուստից առաջ, քանի որ իմ մոտ զենք կամ դանակ հայտնաբերելու պարագայում ծառայողական խրախուսանք կամ պարգև կստանային ցուցաբերած զգոնության համար, բայց դե բախտները չբերեց: Իհարկե հեչ հաճելի չի, որ քեզ փողոցում ոստիկան է կանգնեցնում, բայց հարգեցի և գնահատեցի նրանց աշխատանքը: Հասկանալի է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սերժ Սարգսյանի պես չի պահպանվում, բայց ՀՀ ոստիկանները նրա համար չեն փող ստանում, որ քաղաքում շրջելու փոխարեն առավոտ կանուխ գլխարկները քաշեն աչքներին, մեքենայի վառարանները միացնեն ու քնեն: Բայց դառնանք այն խնդրին, թե որ ՀՀ, թե ՌԴ դատարանի առաջ պետք է կանգնի ռուս զինվորը: Եթե հարցի իրավական, հոգեբանական, էմոցիոնալ մասը մի կողմ թողնենք և պարզապես նայենք, թե որ երկրում շարքայինը խիստ պատիժ կկրի, կտեսնենք, որ տարբերությունը շատ մեծ չի: Թե Հայաստանում և թե Ռուսաստանում մահապատիժը հանված է քրեադատավարական օրենսգրքից: Թե Հայաստանում և Ռուսաստանում այս հանցագործության դիմաց նրա համար գրեթե նույն պատժաչափն է: Հայաստանի և Ռուսաստանի բանտային պայմաններն իրարից շատ չեն տարբերվում: Հա հնարավոր է, որ Հայաստանի բանտերում իրեն ավելի շատ ծեծեն, բայց դրանից մեզ ի՞նչ: Էնպես չի, որ Ռուսաստանի համար ինքն էն նույն արժեքն ունի, ինչը Սաֆարովը ուներ Ալիևի համար, և Ռուսաստան հասնելու պես նրա կոչումը շարքայինից բարձրացնելու են լեյտենանտի: Անշուշտ, դժվար է, որ նման ցնցող արարքի դեպքում էմոցիաները չգերակշռեն լայն շրջանակների մոտ: Կլինեն նաև հակառուսական կամ հակառուսաստանյան տրամադրություններ գիտակցված կամ չգիտակցված հրարողներ, կլինեն նաև հայերին կամ իշխանություններին ստրկամտության մեջ մեղադրողներ և նմանատիպ բաներ, բայց հիմնական խնդիրը մեզ համար էլի մնում է ոստիկանության անորակ աշխատանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205639186281424?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել