Հարցում. Թուրքերի 9%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանըPanARMENIAN.Net-ը գրում է.

Թուրքական հասարակության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները իբրև ցեղասպանություն ճանաչելու կողմանկիցները բացարձակ փոքրամասնություն են: Այդ մասին են վկայում Թուրքիայում հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Ինչպես հայտնում է The Daily Star-ը` վկայակոչելով Agence France Presse գործակալությանը, այդ ողբերգության 100-ամյակի նախօրեին հարցախույզի արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների միայն 9.1 %-ն է կարծում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականին օսմանյան տիրապետության օրոք իրագործված կոտորածների համար և այն ճանաչի որպես ցեղասպանություն:

Եվս 9.1 %-ն էլ միայն ներողություն խնդրելու կողմնակից է` առանց ցեղասպանության փաստի ճանաչման: Հարցախույզն անցկացվել է անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ստամբուլում գործող Տնտեսագիտության և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից: Մասնակցել է 1508 հոգի:

Հարցվածների 23 %-ը նշել է, որ 1915-ին զոհվածներից ոչ բոլորն էին հայեր, և որ կառավարությունը պետք է ցավակցություն հայտնի զոհված բոլոր օսմանյան քաղաքացիների համար:

Հարցախույզին մասնակցածների 12 %-ն էլ համոզված է, որ թուրքական կառավարությունը պետք է իր ցավակցությունը հայտնի 1915 թվականին զոհված հայերի համար, բայց չպետք է ներողություն խնդրի: Իսկ 21 %-ն էլ նախընտրել է, որ Թուրքիան որևէ քայլով չարձագանքի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերի պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել