Սասնա Փոքր Մհերը խելոք տղա էր. վախտին հասկացավ, որ գլուխն ազատել է պետք ու Արմեն Գևորգյանի պես՝ վախտին դուրս եկավ։ Ու ճիշտ էլ բանաձև գտավ՝ ցորենի հատիկը մասուրի չափ, գարին՝ ընկույզի։ Պարզ ա, չէ՞, որ մինչև ցորենի հատիկը մասուրի չափ դառնա, մասուրն ինքը երևի արդեն ձմերուկի չափերի կհասնի՝ էդպիսով Մհերի՝ քարայրից դուրս գալու ժամկետները առհավետ հետաձգելով։ Որովհետև գիտական հիմքեր չկան պնդելու, թե ցորենի հատիկի ծավալը անվերջության ավելի արագ ա ձգտելու, քան մասուրի ծավալը։

Բա քարայրից դուրս գա, ի՞նչ անի Փոքր Մհերը։ Թե գնա էսօրվա մսրամելիքներին սատկացնի, դրանց կնկտիք կտանեն իրենց ծոցում կտաքացնեն-կպահեն հենց իր առյուծաձև պապի օրինակով։ Ու հետո ավելի զորեզ մսրամելիք ջունիորներ կծնեն՝ արդեն դյուցազնական արյունով  որ իրենց «սենիոր» խորթ հորից ավելի բեթար կելնեն մեր շալակը։ Չսատկացնի, կասեն ցռան ա, ոնց հոր հորողբորն էին ասում, որն, ի դեպ, ոչ ավել, ոչ պակաս՝ Սասմա կառավարիչն էր. ահագին պաշտոնավոր մարդ։ Թե սկսի նախիր պահել, գել-գազաններին կհավաքի, կլցնի մեյդան. էս էլ հոր գիծն ա։ Իմա՝ էլի կոռուպցիա, առյուծների ու գելերի մուտք քաղաքականություն։ Տեսել ենք, գիտենք։ Թե որսկան դառավ՝ գյուղատնտեսությունն ա վարի տալու. հիշեք պառավին ու իր շաղգամին։ Մեկին նշան դնի, մեկելին առնի, զատո պատերազմ է։ Կամ էլ, ամբողջ օրը նռան գինի խմելով, հավատքն ա վարի տալու. հիշեք Մարութա Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած սպանդի պատմությունը։

 

Նոր եմ հասկանում, որ Էպոսագետը ահագին հեռատես ու բանիմաց մարդ էր՝ չհաշված Հայրիկյանի ուսի մոմենտը, որով էս պետությանը 20 միլիոն դրամի վնաս տվեց։ Ճիշտ զուգահեռներ էր քաշում հայկական խիստ բնութագրական էպոսի ու արդի քաղաքականության միջև։ Էն տարբերությամբ, որ ինքը էդ էպոսում լավ, հուսադրող բաներ էր տեսնում, իսկ ես սկսել եմ վատ ու տրամադրություն գցող բաներ նշմարել։

Սասնա Ծռերին քննադատելը երևի ճիշտ էլ չի. էս մեր ժողովուրդը ինքն է տեղից ծուռ։ Բա որ մենք ծուռ ենք, Դավիթն ու Մհեր իմա՞լ դուզ լինեն։ Չնայած չէ, էստեղ պարադոքս կա. ծուռի ֆոնին ծուռը ծուռ չի երևա։ Ծերուկ Էյնշտեյնն էստեղ լուրջ հարց կառաջադրեր. Մհերանք ծուռ էին ժողովրդի դուզ ֆոնի վրա՞, թե՞ ժողովուրդը ծուռ էր ու իրենց ծուռ ֆոնին դուզ դյուցազունք հարաբերականորեն ծուռ կերևային։ Թե՞ բոլորն էին ծուռ՝ բացարձակ դուզի նկատմամբ, բայց տարբեր առանցքներով՝ երկչափ կամ եռաչափ տարածության մեջ։

Մի բան է ճիշտ, որ հայոց դյուցազոնց վեկտորը միջին վիճակագրական հայի վեկտորից շեղված էր ու թերևս հենց էդ պատճառով էլ էդքան թշնամի կոտորին։ Թե միջին վիճակագրական հայից չտարբերվեին, Սասնա Ծուռ Դավիթն, օրինակ, Մսրա Մելիքի ջանդակն երկու կես անելու փոխարեն, ֆեյսբուքում զիլ ստատուսներ կգրեր՝ թե էդ մսրա հաստավզների հաստ վզերն օլորել ա պետք ու պատերի տակ գնդակահարել՝ կոչ անելով, որ Մելիքին առաջին իսկ պատահածը հենց էդպես էլ վարվեր։ Կամ Առյուծաձև Մհերը առյուծաձև կկոչվեր էնքանով, ինչքանով տան պարսպի դեմ առյուծի ջանդակ քանդակել կտար։ Բայց առյուծ կիսե՜լ… էդ ծուռ մարդու գործ ա, ջանըմ։ Մարդ ինչքան ծուռ պիտի լինի, որ խորհուրդ տալու ու խորը-մասնագիտական-վերլուծություն-կանխատեսումներ գրելու փոխարեն գնա առյուծ ճղի։ Բա որ էդ առյուծը կծի-մծի՞։ Հետևաբար հիմի մենք բոլորս դուզ ենք, մենք բոլորս Դավիթ ենք, մենք բոլորս Վերգո ենք, մենք բոլորս Շառլի ենք, մենք բոլորս ոստիկան ենք, մենք բոլորս զինվոր ենք, մենք բոլորս տնտեսագետ ենք, մենք բոլորս… էլ ծուռ չկա։ Թե լինի էլ, շառը քաշելու ա քարայրում շառից հեռու փակվի …որ վրան դուզերով մուննաթ չգանք։

Եսիմ… շաշ-շաշ խոսում եմ էլի… Ֆեյսբուք, քու հորինողի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել