1980-ականների վերջում Կալիֆորնիայի քրեական աշխարհում սկսվեցին փոփոխություններ, որոնք տարիներ անց պետք է փոխեին ԱՄՆ-ի կազմակերպված հանցավորության «դեմքը»։ Փողոցային «գենգերի» (բանդաների) ծաղկունքի այս շրջանում Լոս Անջելեսում ստեղծվեց առավելապես էթնիկ հայերից բաղկացած Аrmenian Power (AP) խմբավորումը, որն ի սկզբանե կոչված էր պաշտպանելու հայրենակիցներին՝ այլ էթնիկ ու միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորումներից։
Խմբավորման կորիզը կազմում էին այն ժամանակ դեռևս Խորհրդային Հայաստանից ԱՄՆ ներգաղթած հայեր, որոնցից շատերը հարուստ քրեական անցյալ ունեին և կարողացան շատ արագ տեղի հայ ու այլազգի գանգսթերներից ոչ այնքան բազմամարդ, բայց խիստ կազմակերպված ու ամերիկյան գենգերին ոչ հատուկ ձեռագրով գործող խմբավորում կայացնել, որը հետագայում պետք է դառնար ԱՄՆ-ի քրեական աշխարհի ամենայուրահատուկ միավորներից մեկը։
AP-ի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն ուներ տարբեր մակարդակներ, որի ստորին օղակում փողոցային մարտիկներն էին, որոնք առանձնապես չէին տարբերվում, օրինակ, մեքսիկական գենգերի անդամներից, բայց միջին ու բարձր օղակում այս հանցախումբն ավելի էր հիշեցնում ռուսական կամ էլ իտալական մաֆիան։ Ընդհանրապես, AP-ի առանձնահատկություններից մեկն էլ նրանում էր, որ սա թերևս միակ հետխորհրդային էթնիկ միավորումն էր, որ հստակորեն ու վերջնականապես տարանջատվեց ամերիկացիների հանրային ընկալման մեջ Ռուսական մաֆիայից։

Armenian Power-ի ամենահայտնի հանցագործությունները
Թեև դեկլարատիվ նշվում էր, որ AP-ն ստեղծելու պատճառներից մեկը հայազգիների պաշտպանությունն էր, իր հիմնադրման առաջին իսկ օրերից AP-ն իր թիրախի տակ առավ նաև հայերին պատկանող բիզնեսները։ AP-ի գլխամասը դարձավ Արևելյան Հոլիվուդում գտնվող մինի-մոլլին հարող ավտոկայանատեղին, ու շատ արագ գանգսթերները տուրք սահմանեցին շրջակայքում գտնվող բոլոր բիզնեսների վրա։
Սակայն AP-ը չէր լինի ամենավտանգավորն ու ամենաինքնատիպը, եթե լիներ ստանդարտ գանստերական բանդա։ Այո՛, AP-ը զբաղվում էր թե՛ թմրաբիզնեսով, թե՛ առևանգումերով, թե՛ ռեկետով, թե՛ կողոպուտներով և սպանություններով, բայց AP-ն առավել հայտնի դարձավ խարդախությունների ու բանկային քարտերի մախինացիաների համար, սակայն այդ մասին առավել մանրամասն կխոսենք քիչ հետո։
AP-ը փոքրաթիվ գենգ էր՝ ամերիկյան չափանիշներով։ Իր ծաղկունքի գագաթնակետին, ըստ ամերիկյան իրավապահների, AP-ն ունեցել է մոտ 200 ակտիվ անդամ, և ևս մի քանի հարյուր մարդ այս կամ այն կերպ կապված են եղել հայկական մաֆիայի հետ։ Սակայն փոքրաթիվ լինելը չէր խանգարում հայ գանգսթերներին հարգանք ու պատկառանք վայելել այլ հանցավոր խմբավորումների կողմից։ Սա մեծապես պայմանավորված էր բարձր դիսցիպլինայով և անձնուրաց վճռականությամբ։
Իր հիմնադրման առաջին տարիներին AP-ը մաս էր կազմում մեքսիկական գենգերի Sureño դաշինքին ու պարբերաբար մասնակցում էր դրա ժողովներին։ Առաջին խոշոր դրվագներից մեկը, որը կապված է AP-ի հետ, տեղի է ունեցել հենց նման հավաքներից մեկի ժամանակ, երբ AP-ի ներկայացուցիչը գնդակահարել էր հավաքի մասնակիցներին, երբ մեքսիկացի մաֆիոզներից մեկը նկատողություն էր արել նրան՝ հավաքի կանոնները խախտելու համար (հայ գանգսթերը ներկայացել էր հավաքին հարբած ու զինված)։
AP-ի կողմից իրականացված մյուս աղմկահարույց ակցիան կայացավ արդեն 2000 թվականին, երբ խմբավորումը պատերազմի մեջ էր լատինոսական գենգերի հետ։ Այն բանից հետո, երբ 2000 թվականի մայիսի 22-ին լատինոամերիկյան ծագումով քիլլերը սպանեց AP-ի հիմնադիր Արմեն Silent (Լուռ) Պետրոսյանին, երկու օր անց հայ գանգսթերը գնդակահարեց հակառակորդի մի քանի անդամների՝ Հոլիվուդում գտնվող ռեստորաններից մեկից դուրս գալու պահին։
Կոնֆլիկտը, սակայն, այսքանով չսահմանափակվեց։ AP-ի մասին հրապարակումները կրկին հայտնվեցին պարբերականների առաջին էջում, երբ հայ գանսթերներն ավագ դպրոցի դիմաց սպանեցին 17-ամյա մի լատինոսի, ով ևս հանդիսանում էր հակառակորդ խմբավորումների անդամ, ինչից հետո միայն լատինոսները խաղաղ բանակցություններ սկսեցին։
Սակայն AP-ը տարիներ անց էլ չէր դադարում լինել ամենավտանգավոր բանդաներից մեկը։ 2008 թվականին, երբ Armenian Power-ն անցել էր լիարժեք սերնդափոխության միջով ու իր գործունեությունն ուղղել էր առավելապես տեխնոլոգիական ու ինտերնետային հանցագործությունների վրա, այն չէր մոռացել իր ավանդական եկամուտների ու, այնուամենայնիվ, գենգական ծագման մասին։ Ինչպես շատ դիպուկ նշել է AP-ի գործով զբաղված ամերիկացի իրավապահներից մեկը. «AP-ի համար գոյություն չունեին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են չափազանց լուրջ հանցագործություն կամ էլ չափազանց մանր հանցագործություն»։ Հայ բանդիտներն ապօրինի եկամուտներ էին ստանում բոլոր տեղերից, որտեղից հնարավոր էր ու արյան գնով պաշտպանում էին իրենց շահերը։
Այսպես, 2008 թվականին, Լոս Անգելեսի ավտոկայանատեղիներից մեկում AP-ն իսկական ճակատամարտի մեջ մտավ փողոցային մի խմբավորման հետ, որը համարձակություն էր ունեցել թափանցել AP-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Փոխհրաձգությանը մասնակցել էին տասնյակ գանգսթերներ, ու տասնյակ կրակոցներ էին արձակվել, ընդ որում՝ փոխհրաձգությունը վեր էր աճել համակարգչային խաղերում հանդիպող, մեքենաներով հետապնդումով զուգորդվող մարտի։ Արդյունքում նորեկները տվել էին երկու զոհ, ու անհայտ քանակությամբ վիրավորներ խուճապահար փոխել էին, իսկ ՀԴԲ-ն միայն մի հոգու էր կարողացել ձերբակալել այս գործով, որը չէր մատնել իր հանցակիցներին։
Armenian Power-ի վերջը
Տասնամյակից ավել ակտիվ գործունեություն ծավալելուց հետո AP-ը վերջապես դարձավ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի առաջնային թիրախ։ Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ հանցագործությունների բովանդակությունն ու մասշտաբները սկսել էին ահագնանալ ու վերաբերել Ամերիկայի սրբության սրբոցին՝ բանկային համակարգին ու հարկերից խուսափելուն։ 2011 թվականին ՀԴԲ-ն մասշտաբային օպերացիա ձեռնարկեց և ներգրավելով ավելի քան 800 գործակալների ու ոստիկանների՝ ձերբակալեց AP-ի հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդու։
Ինչպես հետագայում պարզվեց, իրավապահների համբերության բաժակը լցվել էր, երբ հայակական մաֆիան սկսել էր առանձնապես խոշոր չափի ֆինանսական ու բանկային խաբեություններ իրականացնել։ Դատավարությունների շղթայի ժամանակ մասնավորապես պարզ դարձավ, որ իր գործունեության ընթացքում AP-ն առնվազն 20 միլիոն դոլար է վաստակել, մեղավոր է տասնյակ սպանությունների ու այլ ծանր հանցագործությունների համար։ ՀԴԲ-ի գործողությունն այնքան համապարփակ էր ու մշակված, որ AP-ը փաստացի գլխատվեց ու դադարեց գոյություն ունենալ՝ որպես այդպիսին․ Համենայն դեպս, ամերիկյան փողոցներում, իսկ դրա ամենաակնառու անդամները երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում։
Սակայն այս նոտայով չեմ ուզում ավարտել պատմությունն Armenian Power-ի մասին։ Ինչպես բազմիցս նշվեց, AP-ը խիստ ինքնատիպ ու յուրօրինակ էր և դասական հանցավոր խմբավորում լինելուց զատ նաև քաղաքական էլեմենտներ ուներ։ Մասնավորապես, արդեն հայտնի է, որ բանդայի ոչնչացումից հետո դրա բազմաթիվ մասնակիցներ, հատկապես սիրիահայերի թվից, ակտիվորեն մասնակցել են ու շարունակում են մասնակցել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին Ասադին սատարող ուժերի կողմից։



