Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պերմյակովի գործը քննվի Հայաստանում՝ հայկական իրավապահների կողմից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պերմյակովին դատեն Հայաստանում, ու իր պատիժն էլ նա այստեղ պետք է կրի՝ հատկապես հաշվի առնելով էն լոլոն, որ ինքը պատմել ա հարցաքննության ժամանակ։ Այն փաստը, որ Պերմյակովը հայտարարել է, թե ուղղակի ուզել է զբոսնել ու ջուր խմել այդ տանը, որն, ի դեպ, իր զորամասից 6-7 կիլոմետր հեռու է գտնվում, առնվազն վկայում է այն մասին, որ էս բալամը դյուզն-ինչ չի զղջում իր արածների համար ու արժանի չէ ներողամտության։ Էս Պերմյակովի մասով։
Մյուս կողմից, աղմկահարույց այս սպանությունը դարձավ դրոշակ տարբեր մարգինալ-աննորմալների համար, ովքեր իրենց փափագած ռուսատյացությունը քարոզելու նոր հարթակ տեսան այդ պատմության մեջ։ Դա պղծություն է, տիկնայք ու պարոնայք։ Պղծություն է, որովհետև մի անասունի արածով դուք ամբողջ ազգին եք խարանում, ու առավել ևս պղծություն է, քանի որ ձեր քաղաքական ու անձնական նպատակներն ու ամբիցիաները բավարարելու համար դուք անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեխաների արյան վրա եք շահարկումներ անում։ Էս մարգինալների մասին։
Հիմա բազայի մասին. որոշ տաք գլուխներ և առավելապես հեզաճկուն նաիրյան օրիորդներ երեկվանից նոր թափով են շրջանառում ռուսական ռազմաբազան հանելու հարցն այս ողբերգության ֆոնին։ Որպեսզի մաքսիմալ հստակ տեսնեք պատկերն ու դրա նշանակությունը, հարկ եմ համարում մի շարք պարզաբանումներ անելու.
- Ռուսական բազան Հաայաստանում հայտնվել ա Հայաստանի ցանկությամբ, երբ կար միանգամայն ռեալ վտանգ, որ Արցախյան պատերազմի ընթացքը փոխելու համար Հայաստանի հետ պատերազմ կարող է սկսել նաև Թուրքիան։
- Ռուսական ռազմաբազան կատարում է Ռուսաստանի ռազմաքաղական ներկայությունն ընդգծող դեր, որը, մասնավորապես, Թուրքիայի դեմ է ուղղված։
- Ռուսները դա մեր գեղեցիկ աչքերի համար չի, որ անում են, իրենց շահերից էլ չի բխում Թուրքիայի առաջխաղացումը, բայց սա այն դեպքերից է, երբ մեր ու ռուսների շահերը համընկնում են։
- Երկկողմ ռազմական համագործակցության բազմաթիվ պայմանագրերի ու համաձայնագրերի շնորհիվ ռուսական զորքերն են վերահսկում Թուրքիայի ու Իրանի հետ արտաքին սահմաններ, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի ՀՀ-ն իր ողջ զինված ուժերը կենտրոնացնի մեր ամենաառաջնային հակառակորդի՝ Ադրբեջանի դեմ։
Այսքանով հանդերձ, եթե կան ումնիկներ, ովքեր պահանջում են բազան Հայաստանից հանել, թող բարի լինեն՝ էմոցիաներից ու հիստերիկաներից զատ հուշեն էլ, թե որտեղից պետք է էքստրա 20-40 հազարանոց զորք ճարենք, որ կարողանանք քիչ թե շատ հուսալի սահմանագիծ պահենք, մասնավորապես, Հայ-Թուրքական հատվածում։



