1in.am-ը գրում է․
Ռուսաստանյան «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվելու է ռուս-թուրքական սիրո մասին պատմող «Վերջին ենիչերին» հեռուստասերիալը, որում հայ 79-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը կմարմնավորի թուրք ծերունու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Cihan լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ հայտնի հայ դերասանը թուրքի դեր է խաղալու։
Cihan գրում է. ««Վերջին ենիչերին» հեռուստասերիալում խաղում են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Սուվորովը, Իգոր Պետրենկոն և Տեոնա Դոլնիկովան։ Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի դերասան Ջիգարխանյանը տարեց թուրքի դեր է խաղալու»։
Հեռուստասերիալում ներկայացվում է 20-րդ դարի սկիզբը։ Ռուսաստան այցելած թուրք դեսպանի որդին՝ Գյուլհանը, սիրահարվում է Մառուսյա անունով մի ռուս աղջկա և Ալթան անունով ենիչերուն հանձնարարում փախցնել նրան։ Սակայն Ալթանն ու Մառուսյան սիրահարվում են միմյանց և միասին փախչելու որոշում կայացնում։ Զայրացած Գյուլհանը պարգևավճար է խոստանում սիրահարված զույգին գտնողներին։ Կազակներն էլ, իրենց հերթին, որոշում են փրկել Մառուսյային։
Ֆիլմի ռեժիսորներն են Ալեքսանդր Մոխովն ու Անտոն Գոյդան։ Առաջին սերիան կցուցադրվի հունվարի 12-ին։
Ենիչերիներն Օսմանյան բանակի կանոնավոր հետևակն էին։ Ենիչերի (բառացի թարգմանությամբ՝ «Նոր զորք») զորքերը ստեղծվել են 14-րդ դարում։ Սկզբում հավաքագրվում էին ռազմագերիներից, իսկ ավելի ուշ համալրվում Օսմանյան կայսրության քրիստոնյա պատանիներով, որոնք վաղ տարիքում դևշիրմեի համակարգով խլվում էին ծնողներից, իսլամացվում և վարժեցվում ռազմական գործի համար։