Վերլուծելով այս պահին հայտնի մանրամասները Գյումրու սպանդի վերաբերյալ, այն էլ միայն նրանք, որոնք պաշտոնական բնույթի են, այլ ոչ թե տարբեր անբարեխիղճ ու սուտասան լրագրողների երևակայության արգասիք, կարելի է որոշակի նախնական եզրահանգումներ անել.
1. Բացառվում է, որ Պերմյակովը գործած լինի աֆֆեկտի տակ
Աֆֆեկտը մարդու այնպիսի հոգեվիճակն է, որում միանգամայն հոգեպես առողջ մարդը դադարում է մեղսունակ լինելուց ու պահում է իրեն խելացնորի պես։ Աֆֆեկտի տակ կատարած զանցանքները հաճախ չեն էլ պահպանվում հիշողության մեջ, սակայն հայտնի են մի քանի հանգամանքներ, որոնք ուղղակիորեն հուշում են, որ Պերմյակովն անմեղսունակ ու անկառավարելի վիճակում եղած չի լինի. ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա գործել է սառնասրտորեն ու ըստ հաշվարկված պլանի՝ հագուստն է փոխել, զենքն է փոխել, թեև փամփուշտները չէին վերջացել, իսկ հետո թողել է այն ու մինչև հիմա չի հայտնաբերվել։
2. Պերմյակովն անում է ամենը, որպեսզի իրեն չսպանեն ձերբակալման պահին
Նա թողել է զենքը հանցանքի վայրում ու մինչև հիմա չի հայտնվել իրավապահների ձեռքում, այսինքն հմտորեն թաքնվում է։ Նա շատ լավ գիտակցում է, որ եթե ինքը զենքը մոտը պահեր, ապա իրավապահների առնչվելու դեպքում վերջիններս կրակ կբացեին, հետո հարցեր կտային։ Հաշվի առնելով շիկացած էմոցիոնալ վիճակը՝ նա նույնիսկ անզեն չի ուզում հանձնվել հայ իրավապահներին, քանի որ հավանաբար մտավախություն ունի, որ նույնիսկ այդ դեպքում նա ողջ չի մնա։ Ենթադրում եմ, որ նա ուզում է հանձնվել կամ ռուսական բազայի զինծառայողներին, ովքեր հիմա հայ իրավապահների հետ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներում են ներգրավված։ Կա ևս երկու տարբերակ՝ նրա հետագա գործողությունների՝ հանձնվել ՌԴ դեսպանատուն, կամ էլ, որ ավելի իրատեսական է, անցնել Թուրքիայի սահմանը ու հանձնվել թուրքերին, որովհետև այդ դեպքում նրան ոչ թե Հայաստանին կարտահանձնեն, այլ Ռուսաստանին։
3. Պերմյակովը գործել է՝ հաշվարկված պլանի համաձայն
Ավտոմատը խաղալիք չի, դրա ձայնից, այն էլ գիշերով, թաղի կեսը կարթնանար ու արթնացել է, բայց Պերմյակովը գործել է այնքան օպերատիվ կերպով, որ զոհերից առնվազն ոմանք գտնվել են անկողինների մեջ սպանվելու պահին։ Ընդ որում, Պերմյակովը կարողացել է առաջին կրակոցից մինչև հարևանների դուրս թափվելն ընկած ժամանակամիջոցում փոխի իր շորերն ու այնպես սողոսկի տնից, որ հարևանները չնկատեն։ Այսինքն՝ ունեցել է նաև նահանջի ճանապարհ։
4. Հավանաբար գործ ունենք վրեժի կամ էլ մանիակալ դաժանության հետ
Մի բան է մարդ սպանել, նույնիսկ մի քանի մարդ ու միանգամայն այլ բան՝ սպանել ողջ ընտանիքին, ընդ որում՝ նաև մանկահասակ երեխաների, այն էլ ոչ հրազենով, այլ դանակով։ Սա խոսում է նրա մասին, որ Պերմյակովը կա՛մ ինչ-ինչ պատճառներով խորը ու շատ սուր ատելություն է ունեցել տվյալ ընտանիքի հանդեպ (սա ռուսներին հատուկ չէ, ավելի հատուկ է լեռնային ժողովուրդներին) և ցանկացել է բնաջնջել մի ողջ ընտանիք՝ նորածնից մինչև ծեր, կամ էլ ինչ-ինչ հոգեկան ցնցման արդյունքում նրա մեջ կարող են գլուխ բարձրացրած լինել մանկական տրավմաներ (գիշերօթիկում ա եղել ինքը), որոնք տրանսֆորմացվել են ինչ-որ կենդանական դաժանության, որը հատուկ է մանիակներին։



