Life.panorama.am-ը գրում է․

Հայաստանում գումար վաստակելը գնալով շատ դժվար է դառնում, իսկ մարդիկ պետք է ընտանիք պահեն. Գրիգորի Հակոբյան

Life.panorama.am-ը այսօրվա զրուցակիցը Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանն է, ով արդեն մի քանի ամիս է՝ բնակվում և աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Որքա՞ն ժամանակ է, որ մեկնել եք Հայաստանից: Ինչո՞ւ:

-Մոտ 5-6 ամիս է բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ընտանիքս՝ հայրս, քույրս, այստեղ են: Հարմար գտա, որ այս երկրում կարող եմ աշխատել, ստեղծագործական առաջընթաց ունենալ: Թեև, դեռևս տատանվում եմ, գուցե շուտով վերադառնամ, չգիտեմ:

-Սպասելիքներն արդարացա՞ն: Այդտեղ աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ:

-Այո, աշխատում եմ. պրոդյուսեր Արա Ղազարյանից առաջարկ ստացա և այժմ նկարահանվում եմ «Կտակով թագուհի» հեռուստասերիալում: Արդեն այստեղ բնակվող մեր տղաների հետ ներկայացում ենք պատրաստում: Կան նաև այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի, քանի որ դեռևս «թղթի վրա» են:

-Շա՞տ են այդտեղ ստեղծագործող հայ դերասանները:

-Այո, հատկապես վերջին շրջանում շատերն են եկել՝ հիմնական ապրելու նպատակով: Միասին աշխատում ենք, և, կարծում եմ, շատ բան ունենք դեռ այստեղ անելու: Այստեղի հայ համայնքն ունի դրա պակասը:

-Գրիգորի, մեր երիտասարդ դերասաններն այսօր, կարծեք թե, նախընտրում են ստեղծագործել Միացյալ Նահանգներում: Պատճառը միայն թատրոնի ֆինանսական դժվարություննե՞րն են:

-Պատճառները յուրաքանչյուրի մոտ տարբեր են: Ամեն գնացող մի պատճառ ունի: Շատ կցանկանայի, որ մարդիկ ստիպված չլինեին երկրից հեռանալու: Տա Աստված, որ մի օր պայմաններն այնքան լավ լինեն, որ բոլորս վերադառնանք մեր օջախներում, մեր հայրենիքում աշխատելու: Անձամբ ես շատ եմ կարոտում իմ կոլեկտիվին, հարազատներին, իմ թատրոնը: Որքան էլ սա հնարավորությունների երկիր լինի, ապահովված լինես, միևնույն է, քեզ ինչ-որ չափով կիսատ ես զգում, քանի որ տանը չես: Բայց լավ օրից չէ, որ մարդիկ մեկնում են: Որքան էլ լավ մասնագետ լինես, Հայաստանում գումար վաստակելը գնալով շատ դժվար է դառնում, իսկ մարդիկ պետք է ընտանիք պահեն:

-Բայց դուք պահանջարկ ունեցող դերասաններից էիք, Ձեզ հանդիպում էինք թե՛սերիալներում, թե՛ հեռուստանախագծերում, թե՛ գեղարվեստական ֆիլմերում: Նաև,թատրոնում կայուն աշխատավարձ ունեիք:

-Գիտեք, արվեստագետի աշխատանքն այնպիսին է, որ հնարավոր է մի քանի ամիս խիտ գրաֆիկով աշխատես, պահանջարկ ունենաս, բայց մի շրջան էլ ընդհանրապես, ոչ մի հրավեր չունենաս: Իսկ միայն թատրոնի ամենամսյա աշխատավարձով ոչ մի դերասան ապրել չի կարող: Մոտ 11 տարի աշխատել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որն իմ կյանքի ամենասիրելի և անփոխարինելի թատրոնը կմնա: Նաև, որպես հրավիրյալ դերասան,  խաղացել եմ կոմերցիոն ներկայացումներում, բայց միևնույն է, դժվար է ապրելը: Չեմ ուզում քաղաքականացնել, բայց այսօր իսկապես գոյատևելու, ապրելու խնդիր կա Հայաստանում: Երիտասարդների հոսքը երկրից դուրս ավելի ու ավելի է շատանում: Ցավալի է, բայց փաստ:

-Բայց գիտեմ, որ Միացյալ Նահանգներում բնակարան վարձակալելը շատ թանկ հաճույքէ, շատերի համար՝ մի ամբողջ աշխատավարձ:

-Ես վարձով չեմ ապրում, բնակվում եմ քրոջս տանը: Այստեղ էլ կան խնդիրներ, դժվարություններ, բնականաբար գումարը «ծառից կախված» չէ: Բայց եթե աշխատում ես, գոնե համապատասխան վարձատրվում ես ու կարողանում լիարժեք ապրել, սնվել, հագնվել:

-Ձեր քույրը վաղո՞ւց է այդտեղ ապրում:

-Այո, քույրս, իր ընտանիքը, հայրս արդեն 10 տարուց ավելի է, այստեղ են ապրում, ուղղակի ես ուշ միացա: Շատ երկար մտածեցի ու որոշեցի, որ ես էլ պետք է այն հայերից մեկը լինեմ, որ պետք է գա և հասկանա՝ այստեղ կարո՞ղ է ապրել, թե՞ ոչ:

-Ինձ թվում է, որքան էլ ասեք, որ հայրենիքը կարոտում եք, ի վերջո հանգելու եք այն մտքին, որ Ձեր ապագան ևս այդտեղ է:

-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, ժամանակը ցույց կտա, այս պահի դրությամբ՝ ինձ այստեղ լավ եմ զգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել