Եվրոպայում ծավալվող զարգացումներն այլ կերպ, քան լեշակերների խրախճանք, չես անվանի։ Ընդ որում, Շառլիի վրա իրականացված հարձակումն արդեն վեր է ածվել տեղեկատվական դաշտի հիմնական կռվախնձորի ու անգամ սկսել է դառնալ Ռուս-Արևմտյան տեղեկատվական պատերազմի նոր գործոն։ 
Իմ կարծիքով՝ պրոցեսները շատ ավելի խորն են ու ավելի բարդ, քան ասում են «ռուսները», դե իսկ եվրոպացիների մասին խոսք չկա։ Չէ՛, ես չեմ պնդի, որ իրականում Կուաշի եղբայրների ու մյուս երկու ահաբեկչությունների հետևում կանգնած են ամերիկացիները կամ էլ ֆրանսիացիները։ Ես ավելի հակված եմ նրան, որ սա անխուսափելի ու ոչ հատուկ մշակված հետևանք էր ան անփույթ ներքին ու արտաքին քաղաքական կուրսի, որը վարում էր Եվրոպան ու հատկապես Ֆրանսիան վերջին 2-3 տասնամյակներում։
Այս ժամանակամիջոցում, ոչ եվրոպացի ու ոչ քրիստոնյա տարրի տեսակարար կշիռը Եվրոպայում այն աստիճան աճեց, որ սկսեցին ամենայն լրջությամբ քննարկել մոտ ապագայում Իսլամական Եվրոպա ունենալու կոնցեպտը։
Միևնույն ժամանակ, իշխանությունների հռչակած Մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունը բերեց նրան, որ գալով Եվրոպա՝ իսլամադավան աֆրիկացիներն ու ասիացիները ոչ միայն չասիմիլացվեցին, այլ անգամ չփորձեցին էլ իրենց մեծամասնությամբ ընկալել եվրոպական մշակույթն ու ադաթներն ու ապրել դրանցով, այլ ուղղակի իրենց հետ Եվրոպա բերեցին Աֆրիկան ու Ասիան՝ ի դեմս իրենց լեզվի, կրոնի, մշակույթի ու նաև բարեկամների...
Հարկ է նշել նաև, որ եվրոպական մահմեդականների մեծ մասը սուննի մահմեդականներ են, իսկ մենք արդեն լավ գիտենք, որ սուննիականությունը, հատկապես դրա ծայրահեղ հոսանքները (որոնք, ի դեպ, դավանվում են այնպիսի իսլամական հսկաներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան ու Քաթարը) բովանդակային առումով ոչնչով չեն զիջում ֆաշիզմին, եթե չասեմ գերազանցում են դրան՝ դաժանությամբ ու ֆանատիկոսության սանդղակով...
Բնականաբար, սա չէր կարող այսպես երկար շարունակվել ու ի վերջո պետք է հանգեցներ նման իրադարձությունների շղթաների, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նույն Եվրոպան առանձնապես չէր խոչընդոտում, եթե չասեմ անուղղակի նպաստում էր նրան, որ իսլամական բնակչության առանձին ներկայացուցիչներ ու խմբեր մասնակցեին չեչենական ու հարավսլավական պատերազմներին, սիրիական ու լիբիական քաղաքացիական պատերազմներին ու այլ թեժ կետերում մղվող դիմակայություններին։
Արդյունքում, միամիտ եվրոպացիք արթնացան մի իրականությունում, որտեղ իրանք գնալով ավելի ու ավելի ըմբռնումով են սկսում մոտենալ նախկինում ֆաշիստական ու նացիստական համարվող ինչ-ինչ գաղափարների, ու եթե բացասական այս լարվածությունը շարունակի կուտակվել, ապա բնիկ եվրոպացի բնակչության մեջ թռիչքային աճ կունենա ծայրահեղ աջերի ու նացիոնալիստների ազդեցությունը, որոնք Եվրոպայում ունեն մեկ ընդհանուր մեխանիզմ՝ իշխանության անցնելով՝ վեր են ածվում հալալ-զուլալ ֆաշիզմի։ 
Ու մի գեղեցիկ օր էլ եվրոպացիները սիրով կսպասեն նորություններին, որտեղ կպատմվի, թե ինչպես հայրենասեր ՆԱՑիոնալիստները փրկեցին սպիտակ Եվրոպան մահմեդական ֆաշիզմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել