Բացատրեմ պարզ և հասկանալի լեզվով։
Մարդկային հարաբերությունների ասպարեզում պետք է հստակ տարբերակել երեք կատեգորիաներ։ Հասարակական դեմք, հասարակական-քաղաքական կազմակերպություն և անհատ առանձին մարդիկ։ Առաջին երկու կատեգորիաներին կարելի է քննադատել, պարսավել, հումորի ու սատիրայի ամենադաժան ձևերով ձեռ առնել որովհետև նրանք իրենք իրենց կամքով իրենց դրել են հասարակության ուշադրության կենտրոնում՝ որպես հասարակության ծառաներ։ Եվ հասարակությունն էլ հրապարակավ քննարկում է իր այդ ծառաներին վերաբերվող ամեն ինչը։
Երրորդ կատեգորիան՝ առանձին անհատ, սովորական մարդը չի կարող նման վերաբերմունքի օբյեկտ հանդիսանալ, որովհետև նա ունի իր նմանից պաշտպանված լինելու անքակտելի իրավունքը։
Դուք իրավունք չունեք իմ անձը քննարկել, պարսավել, քննադատել որովհետև ես ձեզ հետ ոչ մի առնչություն չունեմ, ճիշտ այնպես, ինչպես դուք ինձ հետ որևէ կապով կապված չեք։ Եթե դուք ասելիք ունեք իմ ասած որևէ բանի կապակցությամբ, ապա իրավունք ունեք խոսելու միայն բացառապես այդ բանի վերաբերյալ, առանց իմ անձը մեջտեղ հանելու։ Եթե իմ ասածը ձեզ դուր չի գալիս, ապա դրա համար դուք ինձ փոքր, իսկ դիտողություն անելու ոչ մի իրավունք չունեք։ Հստակ պետք է տարբերակել քննարկվող թեման թեմայի քննարկմանը մասնակցող անձերից։ Դուք իրավունք ունեք խոսելու միայն քննարկվող հարցի վերաբերյալ։
Ահա այս պարզ ճշմարտությունն է, որ շատ շատերը չեն հասկանում ու անընդհատ նույն սխալը հա կրկնում են՝ պատճառ դառնալով բազում կոնֆլիկտային իրավիճակների։
ՖԲ-ն և մնացյալ սոցիալական ցանցերը նոր հնարավորություններ են բացել մարդկային շփումների համար։ Մեր հասարակությունը դեռ լիովին չի կարողացել յուրացնել այդ հնարավորությունների բոլոր նրբությունները և քայլել սովորող մանկան նման, հա գայթում ու սայթաքում է՝ անհարմար կերպով քիթ ու մռութը ջարդելով։ 
Որ բավարար ժամանակ ունենամ, այս հարցի մասին ավելի մանրամասն կգրեմ։ Պարզ տեսնում եմ, որ շատ շատերն անտեղյակ են մարդկային հարաբերությունների այս ասպարեզի նրբություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել