Tert.am-ը գրում է․
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ հայ թատերական արվեստը չի կարող տուժել։ «Եթե մենք վերցնենք ռուսական մշակութային քաղաքականության դրական կողմերը՝ դրանով միայն կշահենք»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ոչ ոք չի պատրաստվում կոնկրետ իրենց առաջ փակել դռները դեպի Եվրոպա կամ արգելել, որ շեքսպիրյան փառատոնին հրավիրվեն ամերիկյան հայտնի թատերագետներ։
-Պարո՛ն Ղազանչյան, հունվարի 1-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է, մտահոգվելու առիթ կա՞, որ մշակույթը, մասնավորապես թատրոնը, այսպես ասած, կռուսիֆիկացվի։
- «Ռուսիֆիկացում» բառը մի քիչ տեղին չէ կարծում եմ։ Թատրոնի տեսանկյունից կխոսեմ, ռուսական պետական մշակութային քաղաքականությունն ամեն ինչ անում է, որպեսզի ֆունդամենտալ մշակույթը պահպանվի, մշակույթը ֆինանսավորվի։ Բոլորվին վերջերս էլ նրանք ընդունեցին մեկենասության մասին օրենքը, այսինքն, եթե կհայտնվեն բարեգործներ, որոնք կուզեն ներդրումներ անել մշակույթի ոլորտում, նրանք կազատվեն բազմաթիվ հարկային պարտավորություններից։ Ես գտնում եմ, որ այսօր, համենայն դեպս փաստ է, որ Ռուսաստանն ամենահզոր թատրոնն ունի, որ ռուսական մշակութային ավանդույթներն ամենահզորն են աշխարհում։ Ես ասում եմ որպես մարդ, ով տիրապետում է մշակութային դաշտին, այնպես որ, եթե մենք ռուսական մշակութային քաղաքականության դրական կողմերը վերցնենք, դրանով միայն կշահենք։
-Ոմանք պնդում են, թե սա խորհրդային իշխանության վերականգնման առաջին քայլերից մեկն է, Դուք նման կանխատեսում ունե՞ք։
-Ես դա բացառում եմ, դա այլևս հնարավոր չէ, Խորհրդային պետությունն անցավ պատմության գիրկը և այն սերունդները, որ եկան անկախացումից հետո, այդ սերունդներին հետ տանել դեպի նման պետություն՝ կարծում եմ անհնարին է։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց երբ համադրում ես դրական կամ բացասական կողմերը, որպես մշակութային գործիչ, ոչ որպես բիզնեսմեն, ոչ որպես տնտեսագետ, ես դրական բաներ շատ եմ տեսնում, համենայն դեպս ոչ ոք չի պատրաստվում իմ առաջ դռները փակել դեպի Եվրոպա, ոչ ոք չի պատրաստվում արգելել ինձ, ենթադրենք ես ցանկանում եմ Ամերիկայից հայտնի շեքսպիրյան փառատոնին, հրավիրեմ հայտնի թատերագետ։
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր մեր մշակույթն այն կետին է հասել, որ ինչ էլ լինի, ավելի վատ չի կարող լինել։
-Ես հարցը այդպես չէի դնի, ճիշտ է, կան խնդիրներ, որոնք ցանկալի են, որ լուծվեն, բայց նաև ես չեմ գտնում, որ պետք է առավոտից երեկո նվնվանք ու ասենք պետությունը լավ չի նայում։ Այսօր բավական հարցեր կան, բայց շատ գործիչներ սեփական անկարողությունը սկսում են գցել երկրի ղեկավարության վրա, այս կամ այն կառույցի վրա։ Ես գտնում եմ, որ դա սխալ է և կարծում եմ՝ գործ անողը գլուխը կախ իր գործն անում է։
-Իսկ ինչպե՞ս են անում, ներկայացումները բրենադավորո՞ւմ են համաշխարհային թատերարվեստին զուգահեռ, թե՞ խաղացանկը, ըստ էության, փոփոխություն չի կրում։
- Ո՛չ, փոփոխություններ կան, բայց որոշ դեպքերում դա հետաքրքիր է, որոշ դեպքերում ինքնանպատակ է։ Դե մշակույթի բոլոր ճյուղերում այդ միտումը կա՝ համաշխարհային թատրոն դառնալու, եվրոպական ավանդույթներ բերելու։ Բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մշակույթի կիզակետում մարդը պետք է լինի, մարդու ճակատագիրը պետք է լինի և այդ առումով դեպքեր կան, երբ գործիչները սեփական անկարողությունն են փորձում էֆեկտների՝ լուսային և պարային, պլաստիկայի միջոցներով քողարկել, բայց երբ որ գործը գալիս հասնում է դերասանի հետ աշխատանքին, ինչն ամենակարևորն է արվեստում, այդտեղ սկսում ենք կաղալ։ Ես դեմ չեմ տարբեր հոսանքների ներթափանցմանը Հայաստան, բայց կուզենայի այդ սոուսի տակ մեր ազգային մշակույթը, ազգային ավանդույթները չկորցնեինք։ Զոռով չուզենային գերմանացի չլինելով գերմանական թատրոն ունենալ, դա էլ մի ծայրահեղություն է։ Իմիջիայլոց ասեմ, սկզբի հարցին անդրադառնամ՝ ռուսական թատրոնն այսօր Եվրոպայի ամենալավ գործիչները այսօր բեմադրություն են անում ռուսական առաջնակարգ թատրոններում, ամենահզոր գործիչները։ Այսինքն՝ նրանք են ձգտում Ռուսաստան, որովհետև ռուսական թատերական ավանդույթները լավագույնն են համարվում աշխարհում, և Ստանիսլավսկու դպրոցը, Չեխովի, Վախթանգովի դպրոցը, դրանք ամենահզոր դպրոցներն են աշխարհի, դրա համար հետաքրքրությունը մինչև հիմա կա։ Ամերիկյան թատերական քոլեջները Ստանիսլավսոկու ուսմունքով են դասավանդվում։ Ձեր ամենասիրված ամերիկյան դերասանները՝ Ռոբերտ Դենիրոն, Ալ Պաչինոն, նրանք ավարտել են Իլյա Կազանի ստուդիան, որը ռուսական թատերական դպրոց էր դասավանդում, այնպես որ այդքան էլ վատ բան չէ, ռուսական մշակույթը, դրանից խրտնել պետք չէ և պետք է միայն ուրախանանք, եթե կարողանանք լավագույն տրադիցիաները ամրապնդել , բերել Հայաստան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ