Այսօր` հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, իսկ 1 հոգի էլ մահացած վիճակում: 

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը` 01:25-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց փողոցի 9 շենքի բնակիչ, 24-ամյա Ռոման Տիգրանյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի 78 RT 888 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ կողմում գտնվեղ ծառերին: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը` Ռ. Տիգրանյանը, տեղում մահացել է. իսկ ուղևորներ` Էջմիածին քաղաքի Աթարբեկյան փողոցի 24 շենքի բնակիչ, 17-ամյա Իշխան Պողոսյանը, Երևան քաղաքի Դուրյան փողոցի 35 շենքի բնակիչ 23-ամյա Հարություն Բաղդասարյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի 16 շենքի բնակիչ, 22-ամյա Արման Կիրակոսյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: 

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ: 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մազի քննչական բաժնի քննիչ Մամիկոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: 

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման վայր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել