Աշուն է, անձրև...ստվերներն անձև
Դողում են դանդաղ...պաղ, միապաղաղ
Եկավ աշուն, մթնեց արևն ու թախիծով պատեց շուրջբոլորը: Քայլում եմ թաց փողոցներով, դեղին տերևների վրայով ու հիշում եմ քեզ… Մի օր արև կար, կային ամռան տաք գիշերներ, լիալուսին, ես ու դու: Այնժամ ես երջանիկ էի, չէի հասկանում, որ մի օր անձրև է գալու: Երջանկությունը չի ճանաչում ոչ անցյալ, ոչ ներկա ու ապագա, այն միայն ակնթարթ է, սակայն երջանկությունն ու անցյալը քայլում են մի ուղիով, կրծում հոգիդ ու դահճի նման քայքայում միտքդ, իսկ արցունքները… Արցունքներն էլ սրտի դեսպաններն են, լուռ են նրանք բայց խորհրդավոր ու վսեմ, իրենց մեջ թաղել են հուշերն երեկվա:
Անձրև է գալիս, քայլում եմ մենակ ու մռայլ փողոցով, բառերդ թռչնի երամի նման անցնում են` շշնջալով մի անտառային հեքիաթ, նրանք այսօրվա անձրևի նման թափվում են գլխիս, թրջում աչքերս: Մի երեկո խոստացար մնալ կողքիս, ցույց տվիր, թե ինչպիսին պիտի լինի հեքիաթն ու նրանում ապրող սիրահար սրտերին մի պատմություն շշնջացող լուսինը, իսկ այսօր ես մենակ եմ, աչքերս թաց են, տխուր ու լքված, արցունքներս քեզ են կանչում, իսկ դու գնացիր: Տխուր աշնանային մի երեկո այգու այն նստարանին` ծառի տակ, որի դեղին տերևները թափվում էին մեզ վրա, դու ասացիր.<<Հեռանում եմ, ներիր>>: Ես նայեցի աչքերիդ, արցունքներս լուռ էին, բայց գոռում էին նրանք, խնդրում քեզ մնալ ինձ հետ:
Եթե մի օր դու հարցնես, թե ինչ են ասում արցունքներս, նրանք մի ձմռան գիշեր կգան ու, քունդ խանգարելով, կթրջեն քո բարձը , նրանց կաթիլների մեջ դու կտեսնես իմ աչքերն ու կհասկանաս, որ նրանք եկել են քեզ մոտ ու դու պիտի նրանց պատասխան տաս, նրանց մեջ կտեսնես քեզ, կտեսնես մեր հեքիաթն ու անցկացրած ամեն մի պահը, կլսես իմ ձայնը այդ կաթկթոցի մեջ, քո անունը նրանք անընդհատ կտան: Ահ, երևի ժպտում ես հիմա, ուրախ ես, բայց երբ հանկարծ ինձ կհիշես, կքայլես աշնանային ծանոթ փողոցներով, քեզ այցի կգան իմ արցունքները… աշուն է, միևնույն է , գիտեմ տխուր ես դու իմ անհաս ցնորհք, քո աչքերն էլ կթացոտվեն ու արցունքներիդ մեջ կտեսնես մեզ այն այգում, այն նստարանին, որ ինձ մենակ թողեցիր: