Մարդիկ երկար ժամանակ երազել են լուսինը և այլ մոլորակները գրավելու ու բնակեցնելու մասին։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Երկրի՝ այս մոլորակներում բացակայում են ծառերը և բուսականությունը, որոնք հանդիսանում են թթվածնի կարևոր աղբյուր։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե մեզ հաջողվի վերստեղծել այս «թթվածնի գործարանների» դյուրակիր տարբերակը։
Վերջերս գիտնական ու նկարիչ Ջուլիան Մելչիորին հայտարարել է մի մարդակերտ տերևի ստեղծման մասին, որը կարող է հեղափոխական նշանակություն ունենալ տիեզերքի ուսումնասիրությունների համար։

Այս տերևը ստեղծվել է քլորոպլաստներից։ Քլորոպլաստը բույսի բջջի այն մասն է, որում կատարվում է ֆոտոսինթեզը։ Այս մարդակերտ տերևը տեղադրված է պրոտեիններով հագեցած մետաքսե գործվածքի մեջ։

Տերևը կլանում է ածծխաթթու գազն ու արտադրում թթվածին ու օրգանական միացություններ, երբ այն գտնվում է այնպիսի վայրում, որը լուսավոր է և ունի խոնավության անհրաժեշտ մակարդակը։
Մարդակերտ տերևները թեթև են և ամբողջովին կենսաբանական։ Սա նշանակում է, որ դրանք կարող են օգտագործվել ինչպես տիեզերագնացությունների ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում։ Դրանք կարող են պահվել Ձեր տան ննջասենյակում կամ գրասենյակում՝ իբրև թթվածնի արտադրման լրացուցիչ աղբյուր։

Մելչիորին ասում է, որ այս հայտնագործությունը կարող է շատ ավելի լայնածավալ կիրառություն ստանալ.
Այն կարող է օգտագործվել ինչպես բացօթյա, այնպես էլ փակ տարածքներում՝ ծառայելով ինչպես օդափոխության յուրօրինակ համակարգ։ Այս տերևները կարող են կլանել դրսի օդը, անցկացնել այն իրենց կենսաբանական զտիչների միջով և ապա փակ տարածք բերել մաքուր թթվածին։
Ստորև ներկայացված տեսանյութում ավելի մանրամասնորեն է պատմվում այս զարմանալի հայտնագործության մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





