Կյանքի ցանկացած բնագավառի մասին՝ գիտություն, առողջապահություն, տնտեսություն, արվեստ, մշակույթ և այլն, ամենաանհամեստ մարդն անգամ, համապատասխան գիտելիքներ չունենալու դեպքում, չէր համարձակվի քիթը խոթել և իր դիտարկումներն ու վերլուծություներն անել: Բացի... բացի իհարկե քաղաքականությունից:
Այսօրվա համաշխարհային փոթորիկների մեջ, ներառյալ նաև մեր երկրի հետ կատարվող ճակատագրական գործընթացները, մասնագետներն անգամ չեն կողմնորոշվում ու չեն համարձակվում այնքան առատաձեռն լինել իրենց տեսակետների արտահայտման մեջ, որքան դիլետանտ «ծակ պրոֆեսորները»: Միայն հայկական ֆեյսբուքը բավական է, որպեսզի խելագարության հասցնի բոլոր այն միամիտներին, ովքեր լարված կարդում և փորձում են կողմնորոշվել հազարավոր «քաղաքական մեկնաբանների», աշխարհի բոլոր անցուդարձերի գաղտնիքներն ու նրանց հեղինակներին իմացող «գիտունիկների» մտքերն ու վեր«լուծանքները»:
Չեմ նախանձում, բոլոր նրանց, ովքեր ընկել են այս հորձանուտի մեջ ու չեն կարողանում դուրս գալ: Այստեղ են ասել՝ չգիտես խնդաս, թե լաս...