1in.am-ը գրում է․

ԱՎԾ տվյալներով` տարեվերջին գնաճը սպառողական շուկայում կազմել է 3.0 տոկոս: Պարենային ապրանքների գները դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են 5.1 տոկոսով, ոչպարենային ապրանքներինը՝ 0.2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7 տոկոս հավելաճ:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2014թ. Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 2.7-4.0 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.7 տոկոսով:
«Առաջին լրատվական»-ը, ամփոփելով Գյումրիում անցկացրած հարցումները, ստացավ հետևյալ պատկերը. մատնաքաշ տեսակի հացն այս պահին արժե 140 դրամ, շաքարավազը տարբեր խանութներում տատանվում է 390-450 դրամի սահմաններում, ձեթը 780-900 դրամի սահմաններում է:
Վանաձորում ֆինանսական շոկի օրերին արձանագրվեց ամենամեծ գնաճը. շաքարավազի մեկ կիլոգրամը հասել էր 750 դրամի, հացի գինը՝ 330 դրամի: Այսօր՝ հունվարի 7-ին, Վանաձորում մեկ կիլոգրամ շաքարավազն արժե 400 դրամ, մատնաքաշ տեսակի հացը՝ 120 դրամ: Տոներից առաջ, ըստ մեր հարցումների, գների էական տատանումներ չեն եղել:
Նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 29-31-ը, երկու քաղաքներում էլ համեմատաբար փոքր թանկացումներ են եղել բանջարեղենի, մրգերի, ձկան շուկայում:
Ստացվում է՝ երկու քաղաքներում գնաճային պիկից հետո գներն իջել են, սակայն Գյումրիում ապրանքները շարունակում են ավելի թանկ մնալ, քան Հայաստանի այլ քաղաքներում: Առևտրականները նկատում են, որ իրենք չեն գները բարձր պահում, այլ մատակարարները. «Իրենք գինն ասում են, մենք էլ ավելացնում ենք մեր տոկոսները»:
Ըստ ԱՎԾ վիճակագրության՝ հիմնականում թանկացել է կաթնամթերքը՝ 5.8 տոկոսով, սուրճը, թեյը, կակաոն՝ 6.1 տոկոսով, միրգը՝ 8.3 տոկոսով, շաքարավազը՝ 9.6 տոկոսով, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախումբը՝ 18.2 տոկոսով: Նշվում է նաև, որ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14.4-36.2 տոկոսով:
2014թ. Դեկտեմբերին, 2010թ. Համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 124.2 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 128.6 տոկոս, ոչպարենային ապրանքներինը՝ 116.8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 120.4 տոկոս:
Նշենք, որ գնաճային պիկից հետո այսօր պարենային շուկայում կայուն գնաճի տեմպը դեռ պահպանվում է՝ պայմանավորված դրամի համեմատաբար դանդաղ արժեզրկմամբ, սակայն խուճապ առաջացնող երևույթներ դեռ չեն նկատվում:



