Կպատասխանեմ երեք հարցի... Պահանջիդ հետևելով՝ կփորձեմ մեկ բառով նկարագրել անցյալս, ներկաս ու ապագաս։ Բառապաշարիցս կանջատեմ պարզունակ բառեր ու այս անգամ կփորձեմ շրջանցել գեղեցիկ բառախաղը։ Որքան էլ դժվարանամ խուսափել երանգավորումից, այնուամենայնիվ, հատընտիր բառերի գեղեցիկ ներդաշնակության ենթատեքստում կփորձեմ լինել առավելագույնս պարզ։ 
Անցյալս կկոչեմ անփոփոխ, քանզի անհնար է դրա դեմ պայքարել։ Անցյալը մի ամբողջ կյանք է, այն հնարավոր չէ փոխել, այն հնարավոր չէ մոռանալ, այն ապրել ևս անհնար է։ Մեծ հաշվով անցյալիս սխալներն այդքան էլ ճակատագրական չեն եղել, ուստի չարժե գլուխ կոտրել դրանց վրա։ Անցյալը միայն վատ ու լավ հիշողությունները չեն, դրանք մարդիկ չեն, որոնք տարվա եղանակաների պես եկան ու գնացին... Անցյալը մի երազ է, մեր մանկությունը, կյանքի առաջին քայլերը, բառերը, սխալները, առաջին սերը, համբույրը, հիասթափությունը, վերելքներն ու անկումները, հանդիպումներն ու բաժանումները... Իսկ դուք նկատե՞լ եք, թե որքան նման է մեր բոլորի անցյալը։ Բոլորս էլ մեծ հաշվով նույն անցյալն ունենք։ Եղածը եղած է... 
Ներկաս կկոչեմ արդարացված, քանզի յուրաքանչյուր օր ես քայլ առ քայլ մոտենում եմ երազանքներիս իրականացմանը... Բարդություններից երբեք չեմ ընկճվել, յուրաքանչյուր բնագավառում ընտրել եմ ամենաբարդ ճանապարհը, և դա է պատճառը, որ մրցակիցների չեմ հանդիպել... Հրաշալի տարբերակել և տարբերակում եմ մարդկանց։ Կարծիքս կազմում եմ կայծակնային արագությամբ և, որպես կանոն, չեմ սխալվում։ Առաջին պահից ընդհանուր լեզու չգտած մարդկանց հնարավորիս շրջանցում եմ, քանզի առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն ոչ ոք այլևս չունի։ Միշտ մտածում ու արտահայտում եմ կարծիքս, համաձայնվում եմ կամ, թեժ բանավեճի մեջ մտնելով, լիցքաթափվում եմ բացասական լիցքերից։ Ներկան ապրում եմ լիարժեք, քանզի այն մարդիկ, ովքեր մշտապես ետ կամ առաջ են նայում, բաց են թողնում ներկայի բերկրանքը։
Ապագաս կկոչեմ փառահեղ, քանզի մեկ ակնթարթ անգամ չեմ կասկածում դրանում։ Ամենօրյա բերկրանքի ֆոնին ինքս ինձ հետ կանկեղծանամ՝ «արժեր անցնել այդ ճանապարհը»։ Այնուամենայնիվ, շրջապատված կլինեմ ինձ սիրող ու ընկալող մարդկանցով, որն էլ, զարմանալի թվա, ես ևս նրանց կսիրեմ։ Հայրենիքից հեռու գտնվելով անգամ՝ երբեք չեմ դադարի ՀԱՅ լինելուց։ Ոչ ոք ինձ ետ չի պահի ու չի խանգարի։ Ոմանք սարսափում են, որ վրեժխնդիր կլինեմ։ Ի ուրախություն շատերի՝ ժամանակ չեմ ունենա որևէ մեկից վրեժխնդիր լինել, քանզի նման «մարդկանց» դասին չեմ պատկանում։ Ճիշտ է ասված, որ ապուշ մարդկանց հետ վիճելու դեպքում մենք իջնում ենք նրանց մակարդակին, որտեղ այդ ապուշները մեզ ջախջախում են իրենց հմտությամբ։ 
Պարզապես կապրեմ երջանիկ, բարեկեցիկ, հայեցի ու վայելուչ կյանքով, նույնն էլ Ձեզ եմ խորհուրդ տալիս...
անձնական օրագիր 9.հունվար.2015թ․ ԱՄՆ 19։05

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել