Լարիսա, 45 տարեկան

«Բարև Ձեզ, ես պատրաստվում եմ գարնանն առաջնեկիս ճանապարհել ծառայության ու, ճիշտն ասած, ահավոր անհանգիստ եմ, հատկապես երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում սահմանին։ Շատ եմ լաց լինում, անտրամադիր եմ։ Ի վերջո, միակ տղա երեխաս է, ու որքան էլ կողքից քաջալերեն ու պատմեն, միևնույն է, մինչև չանցնես այդ ամենով, չես իմանա, թե ինչ է դա նշանակում։ Խնդրում եմ, օգնեք ինձ ինչ-որ կերպ մեղմել տագնապներս ու որ էլ ավելի կարևոր է՝ եթե մեղմել էլ հնարավոր չէ, ապա այնպես անել, որ իմ անհանգստությունն ու տագնապը որդուս էլ չփոխանցվի, որովհետև թեև իմ բոլոր ապրումները չի տեսնում, բայց ինչ-որ բան նրա աչքից չի վրիպում»։

Պատասխանում է հոգեբանը 

Հարգելի Լարիսա, բավականին բարդ, եթե չասեմ անհնարին խնդիր եք դնում իմ առջև։ Ոչ ոք, նույնիսկ հոգեբանը չի կարող անել այնպես, որպեսզի մայրը չանհանգստանա ու տագնապ չապրի իր զավակի համար։ Ասեմ ավելին, կլիներ աննորմալ, եթե այդ ապրումները չլինեին ծնողի, այն էլ մոր մոտ։ Սակայն միևնույն ժամանակ Դուք, իհարկե, հասկանում եք, որ Ձեզ մոտ վախն առավելապես անդեմ է ու ոչ կոնկրետ, քան ինչ-որ բանից։ Ձեզ սարսափահար է անում անորոշությունն ու անհայտությունը, ոչ թե առկա իրական ռիսկը։

Իհարկե, բանակը հանգստյան վայր չէ ու աշխարհի ամենաանվտանգ տեղը չէ, բայց եկեք հասկանանք, որ աշխարհի ամենավտանգավոր տեղն էլ չէ ու Ձեր որդուն ավելի շատ վտանգ չի սպառնալու բանակում, քան բանակից դուրս։ Ոչ մխիթարանքի, բայց ինֆորմացվածության համար ուղղակի կարող եմ ասել, որ ամեն տարի ավտոպատահարներում ավելի շատ երիտասարդ տղաներ են տուժում, քան բանակում ու ոչ թե ավելի շատ, այլ շա՜տ ավելի շատ, բայց մեր գիտակցությունը նորմալ է արձագանքում այդ ռիսկին, որովհետև քաղաքացիական կյանքի միջավայրն իր ռիսկերով բոլորիս է ծանոթ, ու անհայտության գործոնը շատ քիչ է։

Տագնապը հանել, ինչպես նշեցի, անհնար է, բայց մեղմել միանգամից հնարավոր է, բայց դրա համար պետք է շարունակական սթափ դատողություն ու բարձր ծնողական ինքնագիտակցություն։ Այն պարագայում, եթե Ձեր որդին այսպես թե այնպես մեկնելու է ծառայության, Ձեր տագնապն ու անհանգստությունը, այն էլ  ի ցույց դրված, վնասից բացի ոչ մի օգուտ չեն բերելու ու հատկապես հենց Ձեր որդուն, ով միայն ավելի է լարվելու ու ավելի ուժեղ սթրես է տանելու, իսկ Դուք դա վստահաբար չեք ցանկանում Ձեր որդուն, այդպես չէ՞։

Ոգևորեք Ձեր որդուն, քաջալերեք նրան, դրական օրինակների մասին մտածեք, վստահաբար Ձեր բարեկամների ու հարևանների, ծանոթների ու գործընկերների թվում շատ ավելի շատ են այնպիսի մարդիկ, ովքեր որդիներ են ուղարկել բանակ ու սպասել են այն օրվան, երբ որդիները բարեհաջող վերադարձել են։ Խոսեք նրանց հետ, թող կիսվեն Ձեզ հետ փորձով ու ավելի շատ կենտրոնացեք ոչ թե Ձեր համար անհայտ վախերի վրա, այլ միանգամայն ռեալ ու ակտուալ խնդիրներին առնչվելու, որոնք խնդիր էլ անվանել դժվար է։ Հավատացեք, դրանք լինելու են, բայց ոչ անտանելի բաներ. որդուն գուլպաներ ու քաղցրավենիք ուղարկելու հարցը, զինվորական երդման արարողությանը ներկա գտնվելու հարցը, արձակուրդին նրան դիմավորելու ու ճանապարհելու հարցը, կապ հաստատելու հարցը...

Հենց ավելի առարկայացնեք այս հարցերն ու ավելի շատ կենտրոնանաք, Ձեր տագնապները կսուբլիմացվեն դրանցով մասնակիորեն, իսկ մյուս կողմից էլ կտեսնեք, որ օր օրի Դուք էլ եք սովորում նրան, որ Ձեր որդին զինվոր է դարձել ու հիմա ծառայում է։ Կսովորեք, կսովորրեք, մեկ էլ մի գեղեցիկ օր դուռը կբացվի, ու Ձեր զորացրված որդին կվերադառնա Ձեզ մոտ, ու կյանքը կշարունակվի, ինչպես դա եղել է, լինում է ու դեռ լինելու է տասնյակ հազարավոր այլ ընտանիքներում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել