Oտարին  մեզնից առավել ենք հարգում, տեղ տալիս, դա լավ չէ. Պապին ՊողոսյանLife.panorama.am-ը գրում է․

Ժողովրդական երգիչ Պապին Պողոսյանն արդեն 9 տարի է` բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Շատերն են հիշում նրա՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Ամպելա, ձյուն չի գա» երգերը: Երգեր, որոնք ժամանակի մեջ միշտ էլ մնացին հիթային, բայց՝ ասելիքով: Life.panorama.am-ը սիրված արտիստի հետ զրուցեց հոգում կուտակված տարրաբնույթ զգացողություններից:

-Ինչո՞ւ որոշեցիք մեկնել ու բնակվել ԱՄՆ-ում:

-Կնոջս հետ եմ եկել Միացյալ Նահանգներ, համերգային շրջագայության էի, պայմանագիր ունեի կնքած: Այնպես ստացվեց, որ այստեղ մնալս երկարաձգվեց: Այդ ընթացքում որդիս գրին քարտ շահեց ու իր ընտանիքի հետ տեղափոխվեց այստեղ: Արդեն 5 տարի է, այստեղ է: Մեր ծրագրերը մի քիչ փոփոխվեցին:

-Փաստորեն, արդեն վերջնականապես բնակություն եք հաստատել Միացյալ Նահանգներո՞ւմ:

-Այդպես չէի ասի: Երևի շուտով Հայաստան կգանք, քանի որ շատ եմ կարոտել իմ երկրին, իմ ժողովրդին, աղջկաս ու թոռնիկներիս, բարեկամներիս, երկրպագուներիս: Այդտեղ անպայման պետք է համերգներ ունենամ, հանդիպեմ իմ ժողովրդին: Տեսնենք, հետագայում ինչպես կդասավորվի:

-Այս ընթացքում երբևէ եկե՞լ եք Հայաստան: Ե՞րբ սպասենք:

-Ոչ, այս 9 տարիների ընթացքում չեմ եղել Հայաստանում, դա շատ վատ է: Հուսով եմ՝ այս տարվա աշնանը կհանդիպենք:

-Այդտեղ հիմա ինչո՞վ եք զբաղվում:

-Համերգային գործունեությամբ: Դրա հետ մեկտեղ՝ այստեղ շատ լավ աշակերտներ ունեմ: Շատ լավ խումբ ունեմ, որի հետ համերգային ելույթներ ենք ունենում: Ցանկանում եմ մաքուր հայկական երգի արվեստը փոխանցել մեր երիտասարդներին: Վերջին 20-25 տարվա մեջ երգարվեստը շատ աղավաղվեց: Ուրախ եմ, որ այսօր, կարծես թե, և՛ Հայաստանում, և՛ այստեղ ուշադրությունը մի փոքր մեծացել է ժողովրդական երգի նկատմամբ: Երևի կկարողանանք վերականգնել մեր ունեցածը:

-Ինչպես ասում են՝ գեները խոսում են. Ձեր մեջ ո՞ւմ գենն է խոսել, և ունե՞ք ժառանգ, ումմեջ Ձեր երաժշտական գենն է խոսում:

-Ինձ փոխանցվել է ծնողներիցս, քանի որ նրանք հրաշալի ձայն ունեին: Մենք 5 երեխա ենք շատ լավ ձայնային տվյալներով: Եթե նրանք զբաղվեին արվեստով, հրաշալի երգիչներ կլինեին: Բայց այս ուղղին միայն ես ընտրեցի: Քանի որ մեր ծնողներից ժամանակից շուտ զրկվեցինք, հոգսերն այլ էին: Տղաս շատ լավ երաժիշտ է, այստեղ էլ իր գործով է զբաղվում: Ձգտում է գումար աշխատել: Կինս քանոնահարուհի է, ում հետ միասին աշխատել ենք 30 տարի՝ Մերանգուլյանի անսամբլում: Թոռնիկներս նույնպես երաժշտությամբ են զբաղվում, երգում են, բայց չգիտենք, հետագայում ինչ կստացվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել