Այ հարգելի ժողովուրդ ջան, ինչ կլինի, որ երբեմն հիշեք մեր հայտնի առածներից այս մեկը՝ «Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան»։

Ողջ աշխարհում տարածված բան է, որ մեկը Պողոսին է ուզում երկրի նախագահ տեսնել, մյուսը՝ Պետրոսին, իսկ երրորդն էլ՝ Կիրակոսին։ Ի՞նչ կա այստեղ, որ այսպես անողոքաբար իրար հոշոտում եք ու անպատվում։ 
Հա, լավ են անում, շնորհավորում են մեր երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը։ Ես էլ եմ միանում այդ շնորհավորանքներին։ Դուք չեք ուզում շնորհավորել, Աստված ձեզ հետ, հանգիստ կարող եք չշնորհավորել։ Սակայն դուք ոչ մի բարոյական կամ այլ տեսակի իրավունք չունեք ինձ իմ այդ արարքի համար պախարակելու կամ էլ հայհոյելու։ Դուք էլ հանգիստ շնորհավորեք ձեր նախընտրած թեկնածուի ծննդյան օրը։ 
Մտասևեռվել եք անձերի վրա ու մնացել եք նախնադարում։ Դա լավ հատկանիշ չէ։ Ամբողջ օրը ատելություն սփռելով սրա-նրա հասցեին՝ մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի՝ բացի մեր սեփական մաղձի մեջ խեղդվելուց։ 
Ոչինչ տարօրինակ չկա այն բանում, որ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մեկին նախընտրում է մյուսի համեմատ։ Դա մենք ամեն քայլափոխին ենք կատարում։ Այս արտիստին գերադասում ենք այն մեկից, այս գրողին շատ ենք հավանում, այն մեկին՝ չէ, չենք սիրում և այլն և այլն։ Որ բոլոր այս բաների համար իրար փոր թափենք, այդ ո՞վ կգա, կասի, որ սրանք խելոք ազգի խելոք մարդիկն են, իրար փոր են թափում տերտերին կամ տերտերակնկանը սիրել-չսիրելու համար։
Կարծում եմ՝ այս հորդորս ճիշտ կհասկանաք ու կչափավորեք ՖԲ նետված ձեր ատելության չափաբաժիններն իրար հանդեպ՝ կոնկրետ հենց այս ասածս թեմայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել