1in.am–ը գրում է.

Բազմաբնակարան շենքերի առաջին և նկուղային հարկերում տեղակայված բարերն ու ակումբները հերիք չէ՝ ամբողջ գիշեր իրենց բարձր երաժշտությամբ էին դիվադադար անում բնակիչներին, հիմա էլ նշված կառույցներում նոր պրակտիկա է ձևավորվել. ուշ երեկոյան՝ ինչ-որ ժամից սկսած, նշված հաստատություններում սկսվում է անբարոյական աղջիկների ակտիվ ելումուտ: Նրանք փողոցից զատ՝ նշված հաստատություններում են իրենց տարբեր ծառայություններն առաջարկում հաճախորդներին:
Մենք վերջերս էինք անդրադարձել Խանջյան փողոցի երկայնքով գտնվող բարերի գործունեությունից դժգոհ քաղաքացիների բողոքներին այն մասին, որ ուշ երեկոյան այդ կանանց մասնակցությամբ վեճեր ու կռիվներ են լինում շենքերի բակերում, բարձր հայհոյանքներ հնչում, շշեր կոտրվում: Բայց բնակիչների խոսքով՝ պատկան մարմինների կողմից ոչ միայն քայլեր չեն ձեռնարկվում այդ հաստատություններում համապատասխան նորմերի պահպանման ուղղությամբ, այլև նրանց լռությունը թույլ է տալիս, որպեսզի բարերն ու ակումբները, նաև դրանց հարակից տարածքները դառնան պոռնկատներ:
Մեզ ծանոթ բարերից մեկի մենեջերը պատմեց, որ նախկինում նույնպես նման բաներ լինում էին, երբ կոնկրետ մարդիկ կային, ովքեր փողոցում կանգնելու փոխարեն՝ սպասարկում էին բարերի մշտական հաճախորդներին: Բարերում թողնում էին իրենց կոնտակտները և անհրաժեշտության դեպքում զանգահարում էին նրանց:
«Բայց հիմա շատացել են նրանք, ու այդ աղջիկներն ավելի, այսպես ասած, խորամանկ են դարձել: Նրանք մի քանի օր գալիս են բար կամ ակումբ՝ որպես հաճախորդ, այցելու, ապա ավելի ուշ հասկանալի է դառնում, թե նրանք ովքեր են, և ինչ է նրանց ուզածը:
Նրանցից շատերը հիմնականում ակումբի տնօրինության հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում, ճշտում են հաշիվները ու այդ սկզբունքով աշխատում: Կարճ ասած՝ շեֆությունը կլիենտ է տալիս նրանց, նրանք դրա դիմաց որոշակի գումար են մուծվում շեֆությանը: Դա երկուսին էլ ձեռնտու է, փոխշահավետ գործարք երկուսի համար էլ: Իսկ ոմանք էլ պարզապես բարի հաճախորդներին «կպցնելով» են գումար աշխատում՝ առանց մուծվելու ինչ-որ մեկին: Մի քանի ժամ աթոռին ճոճվելուց հետո ոնց էլ չլինի՝ մեկը կտանի նրանց»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հենց այս փոխադարձ պայմանավորվածություններն ու փոխշահավետ իրավիճակներն են պատճառը, որ վերջին շրջանում մարմնավաճառների զգալի մասը փողոցից տեղափոխվել է շենքերի բակեր՝ բարեր ու ակումբներ:
Մեր զրուցակից մենեջերը պատմեց նաև, որ իրավապահները ևս շատ լավ գիտեն այդ ամենի մասին: Իրենք են ամեն օր՝ օրը մի քանի անգամ մասնակից լինում նման վեճերի ու ծեծկռտուքների, բայց միևնույն ժամանակ՝ աչք են փակում այդ ամենի վրա: «Միայն երբեմն ձևական ստուգայցեր են կազմակերպում, մի քանի հարց-մարց են տալիս, գրառումներ անում ու հեռանում: Անկեղծ լինենք, պարզ ա, չէ՞, որ ոստիկանները գիտեն՝ ով ինչ ա շնչում էս տեսակ հաստատություններում: Պարզ ա, չէ՞, որ իրենք էլ իրենց շահն ունեն»,- նկատեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ այս խնդիրները քաղաքապետարանի համապատասխան վարչության առաջ շատ հաճախ բարձրաձայնում է ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Դիմումներից հետո մի քանի օր ստուգայցեր են լինում, բարերում և ակումբներում երաժշտության ձայնը սահմանված ժամին իջնում է, այդ հաստատությունները սահմանված ժամին փակվում են, բայց մի կարճ ժամանակ անց կրկին վերսկսում են նախկին ռեժիմով աշխատանքը՝ բաց են 24 ժամ, երաժշտության աղմուկից շենքերը դղրդում են, իսկ հաստատությունների մուտքի մոտ կանայք ու տղամարդիկ սակարկում են մատուցվելիք ծառայության գները:
Այս երևույթը կշարունակվի այնքան, քանի դեռ այդ հաստատությունները պատկանում են պատգամավորներին, նախարարներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին ու նրանց զավակներին:



