Orer.am-ը գրում է․
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։
Եւս մեկ անգամ ընդունեք մեր վշտակցությունը եւ հավաստիացումը, որ ինքնիշխան Արցախը հանուն համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է», – ասված է ԼՂՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում։