Ֆեյսբուքն իր գործը կանի և մեծ օգուտ տված կլինի մեր ժողովրդին, եթե օգտատերերը, նրա ակտիվ անդամները պարբերաբար և տևականորեն միևնույն բովանդակության կոչեր ուղղեին ժողովրդին: Այն մասին, որ մոտենում է պահը միահամուռ գործողությունների, որ այսպես ապրել հնարավոր չէ այլևս, որ մեր լինել-չլինելու հարցն է որոշվելու, պետականության կորստյան կամ ազատության հարցն է դրված սեղանին և այլն:
Միայն այս դեպքում ժողովուրդը կզգա, որ բոլորը սկսել են միատեսակ մտածել, մարդիկ իրենց մենակ չեն զգա, բերնեբերան կփոխանցեն և կգոտեպնդվեն, որ պահը վրա հասնելիս միայնակ չեն լինի: Պետք է ժողովրդին «դուխ» տալ՝ ասելով, որ ոչինչ, եթե խաբվել ենք, դիմացը գործել է ստոր ոստիկանապետություն՝ իր ողջ կառույցներով: Հարկավոր է ուժ գտնել և հաղթահարել խաբվածության տհաճ զգացողությունը և անել ամեն բան, որ այս անգամ էլ չխաբնվենք, անցյալի սխալները չկրկնենք:
Իսկ եթե այս բոլորի փոխարեն յուրաքանչյուրը նստած իր համար տարբեր մտքեր է արտահայտում, թեկուզ և շատ խելացի, իսկ հաճախ նույնիսկ հուսահատված ժողովրդին է մեղադրում, անգամ վիրավորում անտարբերության համար, ապա դրանից ոչ մի օգուտ չկա, ո՛չ ժողովրդին, ո՛չ իրեն և ո՛չ էլ ընդհանուր գործին: Մեծամասնությունից տևականորեն միևնույն մեսիջը ստանալու դեպքում ժողովուրդը սկսում է տեսնել, որ բոլորն արդեն միատեսակ են մտածում, և այսպիսով երկրում ստեղծվում է ազգային միասնության մթնոլորտ, առանց որի բոլորս էլ գիտենք, որ սայլը տեղից չի շարժվի: Եվ ճիշտ հակառակը՝ ֆեյսբուքի հազարավոր «մենակատարների» ինքնագործունեությունը տեսնելիս ժողովրդի մեջ շարունակում է իր սև գործն անել «էս ազգը համախմբվողը չի» մեր տունը քանդող արատավոր կարգախոսը...
Հ.Գ. Պատկերացնու՞մ եք ֆեյսբուքի շուրջ 200.000 հայ օգտատերերի մի զգալի մասը շարունակաբար նույնաբովանդակ կոչեր անեին ժողովրդին: Միթե՞ հնարավոր էր սրանից ավելի հզոր և ձրի զենք ունենալ: Բա դրա փչացնելը մեղք չի՞...