Մահվան մասին ավելի շատ ենք խոսում, որպեսզի մեզնից հեռացնենք կյանքի նկատմամբ (ընդորում՝ ոչ միայն մեր) պատասխանատվությունը: Բայց այն, ինչի համար հանձնառու չես՝ կամա-ակամա քեզ տանում է մի հանգրվանի, որտեղ իրադարձությունները, և որ ամենադրամատիկն է (ողբերգական չեմ որակի), մարդիկ են պարտավորեցնում քեզ: Ապրելու և մեռնելու իրավունքով՝ կարծիք կա նաև առ այն, որ եթե կյանքի մասին ավելի շատ ենք խոսում, ուրեմն՝ լավ իմաստով պատասխանատվություն չենք կրում մահվան համար, ում էլ պատկանելիս լինի կոնկրետ շրջափուլում, բայց կարելի՞ է արհամարհել ՄԱՀԸ…
Կյանքը, թերևս, ավելի դյուրին մերժելի, արհամարհելի, վանելի հարթակ-իրողություն է, քան Մահը: Կյանքն, այսպես թե այնպես, ապրվում է, բայց վերջակետվում է մահով (խոսքը ոչ թե մահվան հասցնող տարբեր միջոցների մասին է, այլ՝ միևնույն ելքի՝ ՄԱՀՎԱՆ)… Եվ, ուրեմն, եթե խոսում ենք առավելապես Կյանքի մասին, ուրեմն ոչ թե հանձնառու ենք մեր ապրելու, այլ, ըստ էության, հենց պատվով Մեռնելու համար… Մահվան ու Կյանքի հակադրության մասին բոլոր ենթադրությունները, երգերը, բանաստեղծությունները, գիտական աշխատությունները, նկարները, ֆիլմերը, տեսողական, ունկդրողական, շոշափական և ընկալունակ բոլոր երևույթները մեկ այլ՝ ԵՐՐՈՐԴ աշխարհի՝ առանց կյանքի ու մահվան իրականություն ստեղծելու երազանք-փախուստներ են, որովհետև մենք չենք ուզում պատասխանատու լինել այլևս այն ամենի համար, որոնցից դեռ գլուխ չենք հանում, այն է՝ Ոչ կարգին ապրում ենք, ոչ՝ կարգին մեռնում:
Կարգի՛ն - բաղադրյալ-բարոյական իմաստով, ոչ՝ արտապատկերային: Պատասխանատվության մասին երդումներն ուժգնանում, զգացավառվում են, երբ ստուգապես հանձնառու չենք ոչնչի համար, այսինքն՝ անպատասխանատու ենք կոնկրետ դեպքերում, ապագայի, մեզնից մի քայլ այնկողմի, մեզնից մի քիչ անդին ապրող-մեռնողի համատեքստում: Իմա՝ հայտարարում ենք, ոչ թե՝ հայտարարի գալիս, ոչ թե հայտարարվում:
Պատասխանատվությամբ ընտրում ենք հագուստը, բայց անպատասխանատու ենք հագուստի հանդեպ: Պատասխանատվությամբ խնամում ենք մարմինը, բայց անպատասխանատու ենք հոգու նկատմամբ: Դու գրում ես, ինքնաներշնչմամբ, թե գրածդ մեծ հաշվով ինտիմ, ծիսային բան է և եթե համահասցե է, այնու, քո մասին է…Եսդ քերթողաբար ու համառորեն ընդդիմանում է միջավայրի գաղտուկ ու անվրեպ աչքին, ընդդիմանում, բայց չի կուրացնում … Այդիվ, սիրում ենք ավելի շատ հարցեր տալ, քան՝ պատասխանել, իսկ ո՞վ ասաց, որ հարց տալն ամենապատասխանատու բանը չէ, եթե արդարև պատասխան չունես, եթե իրապես պատասխանի ակնկալիքով ես…Անպատասխանատու ուրիշությու՞ն է, ուրեմն, թե՞ պատասխանատու եսություն… Քո գրալի մահամռայլությամբ, թե կենսասիրությամբ, ինքդ՝ քեզ խոստանում ես գոնե մեռնել միայն քեզ համար, եթե ուրիշի համար չես ապրում…Բայց ստացվում է, որ քեզնով ապրողները պատասխանատվություն են կրում քո կյանքի ու մահվան համար…Ուրեմն եսասիրություն է միայն քեզ համար մեռնելն էլ, ուր մնաց՝ ապրելը…
Հ.Գ.
Նազովրեցու ամենամեծ պատասխանատվությունը մեր կյանքի համար է, իսկ մենք պատասխանատվություն ունեցանք…խաչել իրեն….Սպանեցինք ոչ թե իրեն, այլ մեզ՝ իր մեջ, որովհետև թվաց, թե իր պատասխանների կարիքը չունենք…Մինչդեռ, մենք մահացանք, որովհետև հարցեր չունեինք…
Արա Ալոյան



