Նոր տարվա նախաշեմին Forbes.ru-ն հրապարակել է Forbes Woman վարկանիշային աղյուսակը: Դրա մասնակիցները տարբեր ոլորտի և գործունեության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, ովքեր, այսպես թե այնպես, ազդել են 2014 թ. իրադարձությունների զագացման վրա: Ներկայիս վարկանիշային աղուսակում ներառված են նախագահներ, ադմիրալ, դերասանուհի, փաստաբան և միլիոնատիրուհիներ, սակայն անցնող տարում առաջին տեղը խմբագրությունը հատկացրել է 73-ամյա Ալևտինա Խորինյակին, որը Ռուսաստանում թերապևտ է աշխատում: Ավելի քան 50 տարի բժիշկ աշխատած այս կինը մեղադրվել է ուժեղ ազդեցության ցավազրկողների անօրինական շրջանառության մեջ: Սակայն 2014 թ. նա կարողացել է դատարանում ապացուցել իր անմեղությունը: Երկրորդ տեղում ծնունդով իրանցի, Սթենֆորդի համալսարանի 37-ամյա պրոֆեսոր Մարիամ Միրզախանին է, որը 2014 թ. արժանացել է մաթեմատիկայի ոլորտում տրվող Ֆիլդսի հեղինակավոր մրցանակին: Երրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեայի առաջին կին նախագահ, 52-ամյա Պակ Կըն Հեն, որը չի վախեցել և իր վրա է վերցրել Դեղին ծովում «Սևոլ» լաստանավի կործանման պատասխանատվությունը և ներողություն է խնդրել քաղաքացիներից այդ կապակցությամբ: Չորրորդ տեղում 36-ամյա փաստաբան և իրավապաշտպան Ամալ Ալամուդդինն է, որը 2014 թ. ամուսնացել է 53-ամյա դերասան Ջորջ Քլունիի հետ: Հինգերորդ տեղը բաժին է հասել Բրազիլիայի նախագահ, 67-ամյա Դիլմա Ռուսեֆին, որը 2014 թ. վերընտրվել է իր պաշտոնում: Վեցերորդ տեղում 48-ամյա ռուս Ելենա Ռիբոլովլևան է, որը 2014 թ. Ժնևի դատարանում ամուսնալուծության գործընթացի ժամանակ շահել է նախկին ամուսնու դեմ ներկայացրած 4.5 միլիարդ դոլարի հայցը: Յոթերորդ տեղում 54-ամյա Միշել Հորվարդն է, որը 2014 թ. ամերիկյան նավատորմի պատմության մեջ առաջին կինն է դարձել, ում չորսաստղանի ադմիրալի կոչում են շնորհել: Ութերորդ տեղում Theranos ընկերության հիմնադիր, 31-ամյա Էլիզաբեթ Հոլսմն է, որը 2014 թ. 4.5 միլիարդ դոլարով ամենաերիտասարդ միլիարդատիրուհին է դարձել: Իններորդ տեղը զբաղեցնում է պակիստանցի 17-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որը անցնող տարում Նոբելյան խաղաղության մրցանակ է ստացել և մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրն է դարձել: Տասնյակը եզրափակել է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը 2014 թ. դարձել է ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպանը, իսկ սեպտեմբերին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում ելույթ է ունեցել ֆեմինիզմի և կանանց իրավունքների թեմայով:
1in.am-ը գրում է․







