1in.am-ը գրում է․

Tigran-Martirosyan

Մրցաշրջան 2014-ի ամփոփման նպատակով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի թղթակիցը զրուցել է ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ:

-Պարոն Խեչանյան, ծանրամարտը մեր երկրում ամենասիրված մարզաձևերից է, և բնականաբար մարզասերները միշտ էլ հաջող մրցելույթներ են սպասում մեր ծանրորդներից: Այս առումով, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին:

-Տարին սկսեցինք կադրային խնդիրներով, սակայն Եվրոպայի առաջնությունում ապացուցեցինք, որ նույնիսկ ոչ ամենաօպտիմալ կազմով մենք կարող ենք մեդալներ նվաճել: Աշխարհի առաջնությունում ճիշտ է մեդալներ չնվաճեցինք, բայց լուծեցինք մեր առջև դրված խնդիրը՝ ձեռք բերելով տղամարդկանց օլիմպիական հինգ ուղեգիր:

-Կադրային խնդիրները շարունակվեցին նաև աշխարհի առաջնության շեմին:

-Այո, ԱԱ նախաշեմին մեր առաջատարներից Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք ստացավ: Նախկին վնասվածքի ցավերով Ալմաթիի աշխարհի առաջնությանը մասնակցեց Մելինե Դալուզյանը: Ուստի, նաև հաշվի առնելով այս հանգամանքը, պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ լավ հանդես եկանք:

-Հետաքրքիր է իմանալ, այժմ ի՞նչ վիճակում են կանանց և տղամարդկանց հավաքականի անդամները:

-Տիգրան Մարտիրոսյանը Գերմանիայում բարեհաջող վիրահատվել է և այժմ սկսել է մարզումները: Մելինեն նույնպես բարեհաջող վիրահատվել է Մոսկվայում, սակայն նրան առնվազն չորս ամիս հանգիստ մարզումներ են հարկավոր: Ընդհանրապես, հարկ է նշել, որ մարզիկների առողջական խնդիրները, շնորհիվ ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի, շատ արագ և բարձր մակարդակով լուծվում են:

-Ձեր ասածից պարզ է դառնում, որ Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Մելինեն չի մասնակցի:

-Դեռ վերջնական որոշում չկա, սակայն ավելի լավ է նա լրջորեն պատրաստվի նախաօլիմպիական աշխարհի առաջնությանը:

-Մինչ Եվրոպայի և աշխարհի առաջնությունը, տեղի է ունենալու Հայաստանի առաջնությունը: Հնարավո՞ր է լսենք նոր անուններ:

-Գալիք տարի շատ հետաքրքիր առաջնություն է սպասվում: Որակազրկված ծանրորդները միանալու են պայքարին: Մասնավորապես՝ 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանին կմիանան Անդրանիկ Կարապետյանը և լրջորեն նախապատրաստվող Առաքել Միրզոյանը:

-Տարին հաջող էր նաև պատանիների ու երիտասարդների համար…

-Պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, մարզիչների քրտնաջան և ֆեդերացիայի նպատակասլաց աշխատանքի շնորհիվ դարձան չեմպիոններ: Պատանեկան ու երիտասարդական մյուս առաջնություններում նույնպես բազմաթիվ մեդալներ նվաճեցինք, սակայն, այնուամենայնիվ, մեզ համար կարևորը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերն են:

-Ուրեմն խոսենք նախաօլիմպիական և օլիմպիական տարիների սպասելիքների մասին:

-Դեռ վաղ է: Ավելի լավ է առիթից օգտվելով ֆեդերացիայի անունից շնորհավորեմ մեր ծանրորդների, մյուս մարզաձևերի ներկայացուցիչների, նաև մարզիչների, մարզական ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով անձնական ու մարզական բազում հաջուղություններ 2015 թվականին: Իսկ սպասելիքների մասին կխոսենք դրանց իրականացումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել