Եթե նրանք համաշխարհային առաջնորդ չդառնային էլ, հաստատ սոված չէին մնա։ Գուցե հենց այդ պատճառով են նրանք երբեմն «առխայինի են ընկնում» ու թերանում իրենց պարտականություններում։  

1. Երազկոտ Վոլոդյան

Փոքրիկ Վոլոդյան տարված էր հետախույզների մասին խորհրդային ֆիլմերով և երազում էր աշխատել պետական անվտանգության համակարգում։ Պատանեկան տարներին նա արդեն երազում էր նավաստի դառնալ, սակայն հետախույզ դառնալու ցանկությունն ավելի ուժեղ գտնվեց։ Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային բաժինն ավարտելուց հետո երիտասարդ Վլադիմիրն աշխատանքի ընունվեց Պետական անվտանգության կոմիտեում։ 1977 թ.-ին Վլադիմիր Պուտինն աշխատում էր ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության հակահետախուզական գծի քննչական բաժնում։ Պաշտոնները հաջորդում էին մեկը մյուսին՝ արդարադատության մայոր, փոխգնդապետ, ԼՊՀ ռեկտոր, քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետ և վերջապես 2000 թ.-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Պուտինն այնքան կապվեց նախագահի աթոռի հետ, որ արդեն երրորդ անգամ է ընտրվել նույն պաշտոնում։ Ով կմտածեր, որ երազկոտ մանուկ Վոլոդյան այսքան առաջ կգնար։

2. Պոտենցիալ բասկետբոլիստը

2002 - 2007 թվականներին Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ունն ուսանել է Կիմ Իր Սենի անվան զինվորական ակադեմիայում։ Դպրոցական տարիներին նա տարված էր բասկետբոլով։ Ո՞վ գիտե, գուցե մարզաշխարհը մեծ կորուստ կրեց, երբ Կիմը քաղաքականությունը գերադասեց բասկետբոլից։ Չենք կարող ժխտել, որ բասկետբոլիստի համար նա դույզն-ինչ կարճահասակ է, սակայն փոխարենը այնպիսի  ոգու կորով ունի, որ գնդակը զամբյուղի մեջ նետելը նրա համար խաղուպար կլիներ։

Ի դեպ, ըստ մի տարածված տեսակետի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ պետք է դառնար ոչ թե Կիմը, այլ նրա ավագ եղբայրը։ Չար լեզուներն ասում են, որ նրա հոր մահից հետո Կիմը ժառանգեց իշխանությունը սոսկ այն պատճառով, որ նրա ավագ եղբայրը նույնասեռական է։ Այնուամենայնիվ, դժվար է հստակ պնդել, թե եղբայրներից որն է ավագը, քանի որ Կիմի կյանքի մանրամասները, այդ թվում նաև ծննդյան տարեթիվը գաղտնի են պահվում։ 

3. Խառատից մինչև նախագահ

Սերժ Սարգսյանը 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Դատելով նրա գրագետ ելույթներից՝ հայ ազգը կարկառուն բանասերի է կորցրել ի դեմս նրա, սակայն փոխարենը ոչ պակաս կարկառուն նախագահի է ձեռք բերել։ Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, սակայն նրա իրական կոչումը ՀՀ նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքն էր, որին նա լծվեց 2008 թ. ապրիլի 9-ին։ 2013 թ.-ին Սերժ Սարգսյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ավաղ, տարիներն արագ սահեցին, և այժմ նրա պաշտոնավարման ավարտին ընդամենը երկու տարի է մնացել։

4. Նախկին թմրամոլը

Բարաքն ընդամենը 4-5 տարեկան էր, երբ նրա մայրն ու հայրն ամուսնալուծվեցին։ Հայրը մեկնեց Քենիա, իսկ Բարաքը մոր հետ բնակվում էր Հավայիում։ Երբ Բարաքը 21 տարեկան էր, նրա հայրը մահացավ։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին Բարաքը տարվեց թմրադեղերով, բայց որոշ ժամանակ անց հրաժարվեց թմրամոլությունից։ Կրթաթոշակների ու ուսանողական վարկերի շնորհիվ նա ընդունվեց Հարվարդի իրավագիտության դպրոց։ Այնտեղ սովորելու տարիներին Բարաք Օբաման դարձավ «Harvard Law Review»-ի խմբագիրը, ապա զբաղեցրեց ամսագրի խմբագրության ղեկավարի պաշտոնը։ Սա Օբամայի առաջին, սակայն ոչ վերջին ղեկավար պաշտոնն էր։ Դրանից հետո նա աշխատել է իբրև համայնքի կազմակերպիչ, իրավագիտության դասախոս, սենատոր և այլն։ 2009 թ.-ին Օբաման դարձավ ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը։ Նախագահ ընտրվելուց 9 ամիս անց նա արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թե որքանով է նրա մոտ ստացվում խաղաղություն պահպանել, դատեք ինքներդ, իսկ մենք միայն հավելենք, որ նախագահներ Օբաման ու Սարգսյանը մի խորքային ընդհանրություն ունեն, նրանք երկուսն էլ արդեն երկրորդ անգամ են զբաղեցնում նախագահի պաշտոնը։  

5. Դռնապանի իրական կոչումը

Իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Խորխե Մարիո Բերգոլիոն, նույն ինքը՝ Ֆրանցիսկոս Պապը, աշխարհի մեկ-վեցերորդի հոգևոր առաջնորդն է։ Քչերը գիտեն, որ ապագա Հռոմի Պապի կյանքում եղել է այնպիսի ժամանակահատված, երբ նա ստիպված է եղել հատակները փայլեցնելով ապրուստ վաստակել։ Խորխե Մարիոն հաճախել է Տեխնիկական կրթության ազգային դպրոցը և ավարտել այն քիմիական տեխնիկի որակավորմամբ։ Նա մի քանի տարի աշխատել է իբրև տեխնիկ սննդի արտադրության ոլորտում։ Նախքան «Ճիզվիտ» կաթոլիկ կազմակերպությանը միանալը, նա աշխատել է իբրև բարի դռնապան և հավաքարար։ Նա նաև փորձարկումներ է անցկացրել քիմիական լաբորատորիայում։ Այն ժամանակ քչերի մտքով կանցներ, որ նրան վիճակված էր դառնալ 266-րդ Հռոմի Պապը։ Նրա կյանքում ամեն ինչ փոխվեց այն ժամանակ երբ Բերգոլիոն հոգևոր ճեմարան ընդունվեց։ Այնուհետև նա Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետն ավարտեց ու սկսեց դասավանդել Արգենտինայի դպրոցներից մեկում։ Հոգևոր ծառայության անցնելուց հետո նա մեկը մյուսի հետևից հոգևոր աստիճաններ էր ստանում և 2013 թ. մարտի 13-ին դարձավ առաջին լատինամերիկացի Հռոմի Պապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել