Interpress.am-ը գրում է․
Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի հրաժարվեց երկրի արտադաշինքային կարգավիճակից և ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված քայլ արեց, ինչը Ռուսաստանը ձգտում է արգելափակել:
Փոփոխությունը հաստատվել է մեծամասնությամբ՝ ձայների 303 կողմ, 9 դեմ հարաբերությամբ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմիկինը քվեարկությունից առաջ հայտարարել է , որ այդ քայլն ընդգծել է դեպի Արևմուտք շրջվելու իր երկրի վճռականությունը: «Դա կհանգեցնի ինտեգրմանը եվրոպական և եվրատլանտյան տարածքներին», – ասել է նա մայրաքաղաք Կիևում:
Նախկին խորհրդային հանրապետությունը մի ժամանակ հետևում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսին, սակայն 2010-ին, հարևան Ռուսաստանի ճնշմամբ ընդունեց արտադաշինքային կարգավիճակը, որն արգելում է միանալ ռազմական դաշինքիներին:
Նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնից հեռացվեց փետրվարին, երբ սկսվեցին նրա ռուսամետ քաղաքականության դեմ բողոքի ցույցերը: Բողոքը վերածվեց բռնության, ինչը ստիպեց Յանուկովիչին փախչել Ռուսաստան:
Մայիսին նրան փոխարինեց արևմտամետ Պյոտր Պորոշենկոն, որը երեքշաբթի քվեարկություն անցկացրեց: Պորոշենկոն անցած ամիս կոչ է արել ուժը կորցրած ճանաչել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, որը չկարողացավ երաշխավորել երկրի անվտանգությունը, հայտնում է Կիև Փոստ թերթը:
Անցյալ տարվա մարտին ռուսական զորքերը մտան Ուկրաինայի Ղրիմի թերակղզի, որից հետո Ռուսաստանն այն բռնակցեց: Ռուսաստանը նաև ռազմական ու ֆինանսական աջակցություն է ցույց տալիս արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին: Ուկրաինայի գործերին միջամտելով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին փորձն է անում խափանել սահմանակից նախկին խորհրդային հանրապետությունների միացումը արևմտյան ռազմական դաշինքին:
Հատուկենտ մարտական գործողությունները արևելյան Ուկրաինայում շարունակվում են, չնայած անջատողականների և ուկրաինական ազգային զորքերի միջև ձեռք բերված փխրուն զինադադարին: Պորոշենկոն արևելյան տարածաշրջանին տվել է ավելի շատ ինքնավարություն, քանի որ մտադիր է վերջնական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել:Հակամարտությունը լուծելու անկարողությունը կարող է բարդացնել Ուկրաինայի ջանքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջները կատարելու հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ