1907 թվականին Vogue ամսագրում հայտնվեցին կրծքկալների առաջին մոդելները՝ brassière անվանումով: Հետագայում ամերիկացիներն ու անգլիացիները կրճատեցին բառը` այն դարձնելով bra:
Թեև ըստ պատմության, դեռևս 1889 թվականին փարիզուհի ֆեմինիստուհի Էրմինի Կադոլը համարձակ կտրել էր իրեն հոգնեցնող կորսետի ներքևի մասն ու այն ձևափոխել կրծքկալի: Զգեստապահարանի նոր պարագան ցուցադրվել էր Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և դարձել իսկական հեղափոխության առիթ: Թերևս տարիներ պահանջվեցին, որպեսզի այդ հեղափոխությունը սկսվի: 1903 թվականին Փարիզի բժշկական ակադեմիայում փորձարկվեց աշխարհում առաջին կրծքալը, որի հեղինակը բժշկուհի Գոշ Սարոն էր: Գրեթե նույն ժամանակ, միայն թե Գերմանիայում, դերձակուհի Կրիստինե Հարդտը Դրեզդենի արհեստների պալատում ներկայացրեց կրծքալի նման նոր մոդելը: Դրա նկարագրության մեջ ասվում էր, որ այն հիանալի պահում է կանացի կուրծքը` չփոփոխելով դրա բնական ձևը: Մոդելն անվանեցին Bustenhalter, ինչը թարգմանաբար նշանակում է «կուրծք պահող»:
Ամեն դեպքում կրծկալի ծագման ամենահայտնի պատմության հերոսուհին ամերիկուհի Մերի Ֆելպս Ջեյկոբսն է, ով էլ ստացել է հիանալի հայտնագործության պատենտը: Ըստ պատմության` կինը պատրաստվում էր խնջույքի գնալ, սակայն նրա կորսետը չէր համապատասխանում մեջքը բացող իր զգեստին, ուստի իր սպասուհու հետ Մերին ձևափոխում է այն` այդպիսով ստեղծելով կրծքալի առաջին մոդելը: Սկզբնական շրջանում կրծկալը հաջողություն չէր վայելում, սակայն Մերիի երրորդ ամուսինն աշխատում էր կորսետների ընկերությունում: Նա ընկերության սեփականատերերին է ներկայացնում նորույթը, և նրանք գնում են հայտնագործությունը 15 հազար դոլարով, ինչն այդ ժամանակ ահռելի գումար էր: Շատ տարիներ անց կրծքալի հայտնագործությունը գնահատվեց 15 միլիոն դոլար:
Կրծկալի առաջացման ևս մեկ պատմության կա, ըստ որի դրա հայտագործողը Ռուսաստանից ԱՄՆ գաղթած դերձակուհի Իդա Ռոզենտալ-Կագանովիչն է:
1920-ականներին նորաձև էր «ա-լյա-գարսոն» ոճը` տղայական սանրվածքն ու անկուրծք մարմինը, որը ստանում էին հատուկ ամուր կրծքալի շնորհիվ: 1937 թվականից ԱՄՆ-ում սկսում են արտադրել գործարանային կրծքկալներ: Այդ նույն տարեթվին էլ ստեղծվեցին դրանց չափսերը` A-ից D:
Մինչև Համաշխարհային II պատերազմը կրծկալները կարում էին հիմնականում բնական կտորներից, իսկ, երբ 1938 թվականին հայտնագործեցին նեյլոնը, արտադրության մեջ մտան սինթետիկ կտորներից կրծքկալները:
1950-ին, պատերազմյան դժվար ժամանակաշրջանից հետո, կրկին նորաձև դարձան կլորիկ կազմվածքները: Այդ ժամանակի գեղեցկության էտալոնը մեծ կոնքերն ու կուրծքն էին: 1950-ականների գեղեցկության իդեալներ դարձան Մերիլին Մոնրոն, Բրիջիտ Բադոն, Ջինա Լոլոբրիջիդան, Սոֆի Լորենը: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին կուրծքը մեծացնող կրծքկալները:
1970-ականներն իրենց սեքսուալ ազատություն բերեցին, և որպես արդյունք հասարակության ուշադրությունը սևեռվեց կանանց ներքնազգեստի վրա: 1981-ին ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվեց կանացի ներքնազգեստի գովազդը: Շատ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն, Իվ Սեն Լորանը, Ջաննի Վերսաչեն և այլոք, մշակեցին ներքնազգեստի հավաքածուներ:
Կրծքկալի պատմության մեջ իսկական հեղափոխություն էր 1994-ին Wonderbra մոդելների ստեղծումը: Այսուհետ այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքով, կարող էին այս կրծքալների միջոցով բարձրացնել ու հմայիչ տեսք հաղորդել կրծքին:
Այսօր կրծքկալը հարմարավետության և սեքսուալության հոմանիշ է, առանց որի ոչ մի կին չի կարող պատկերացնել իր զգեստապահարանը: