Imyerevan.com-ը գրում է․

Լուսանկարիչներ Իննա Մխիթարյանի, Եվգենյա Էվոյանի, Արև Գրիգորյանի և Անի Կիրակոսյանի 40 թեմատիկ լուսանկարները ներկայացնում են կրծքով կերակրման ամբողջ «արարողակարգը»: Դրանցից յուրաքանչյուրը կից կրում էր նաև փոքրիկ ուղերձ, թե ինչ առավելություններ ունի մայրական կաթը:

Դեկտեմբերի 23-ին ԿԱՌԼ ԼԵՎՈՆԻ ցուցասրահում բացվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի նախաձեռնած «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն նպատակ ունի խթանել երեխաների կրծքով կերակրմանը և ցույց տալ դրա առավելությունները: Ընդունված կարգով երեխան կյանքի առաջին 6 ամսում պետք է մայրական կաթով սնվի, ինչը կարող է դառնալ նրա հետագա ամբողջ կյանքի առողջության գրավականը:


40 կերակրող մայր՝ մեկ ցուցահանդեսում 

Նախաձեռնության համահեղինակ, «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի վարող Մերի Ներսիսյանը խոստովանում է, որ դժվար էր կարճ ժամկետում գտնել 40 մայրերի, ովքեր կհամաձայնեին լուսանկարվել ցուցահանդեսի համար: Շատերը պարզապես ժամանակ չունեին ու զբաղված էին նորածինների խնամքով, շատերն էլ ամաչում էին մասնակցել: Բարեբախտաբար գտվեցին մայրեր, ովքեր սեփական նախաձեռնությամբ եկել ու լուսանկարվել են:

Կաթնայի սելֆի 
Ցուցահանդեսի նկարահանումներին չմասնակցած մայրիկները հնարավորություն են ունեցել երեխայի հետ սելֆիներով մասնակցել ֆեյսբուքյան մրցույթին: Օֆելյա Մակարյանի և նրա երկու շաբաթական երեխայի հետ սելֆին ճանաչվեց լավագույնը: 


Լուսինե Խանձիլյան, կերակրող մայր
Ցուցահանդեսի մասին իմացել եմ կրծքով կերակրող մայրիկների ֆեյսբուքյան էջից: 14 և 12 տարեկան տղաներիցս հետո կրծքով կերակրում եմ նաև մեկուկես տարեկան դստերս: Երբ ծնվում էր առաջնեկս, մանկաբույժը խորհուրդ տվեց հրաժարվել արհեստական կերերից ու նախապատվությունը տալ մայրական կաթին, այդպես էլ արեցի, երեխաներս առողջ մեծացան:


Նարե Նահապետյան, կերակրող մայր
 
Դուստրս հինգուկես ամսական է: Առաջին երեխային ընդամենը երկու ամիս եմ կաթով կերակրե, երկրորդիս մինչև հիմա: Դժվարություններ հաճախ են լինում, ամեն տեղ չես կարող կաթ տալ, ամեն պահի չես կարող երեխայի կողքին լինել, բայց որոշեցի ապավինել բժիշկների խորհրդին ու կերակրել մայրական կաթով: Երեխան այդ դեպքում ավելի հանգիստ է լինում, հանգիստ է քնում ու արթնանում:

 


Եվգենյա Էվոյան, կերակրող մայր, լուսանկարիչ 
Թեպետ ես էլ կերակրող մայր եմ, բայց ցուցահանդեսին լուսանկարչի պարտականությունը ստանձնեցրի: Ոչ բոլորն էին անկաշկանդ լուսանկարվում, բայց 40 մայրիկի կարողացանք գտնել: Լուսանկարել եմ նաև 3 հղի կանանց, ովքեր անհամբեր սպասում են երեխայի ծնվելուն:


Երբևէ մտածե՞լ եք ինչո՞ւ են մեզնից մի քանի սերունդ ավելի մեծերն ավելի առողջ, ավելի քիչ են վարակվում տարբեր վիրուսներով ու բարձր դիմադրողականություն ունեն: Գաղտնիքի մասամբ նաև մայրական կաթով սնվելու մեջ է: Մի քանի տասնամյակ առաջ վստահաբար չկային երեխաների համար նախատեսված արհեստական կերեր ու տարատեսակ հավելումներ։ Մինչև մեկ, մեկուկես տարեկանը երեխաները սնվում էին մոր կաթով, հետո անցնում այլ սննդի: Մինչդեռ հիմա դեղատներում վաճառվող մանկական սնունդը ամենապահանջված ապրանքների ցանկում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել