Մի հարևան տատիկ ունեինք՝ մենակ ապրող։ Մահացավ օրերս։ Մի կես ամիս առաջ ընկել էր։ Ուզում էի ֆեյսբուքում գրել էդ մասին, հետո մտածեցի՝ հոդված կգրեմ, բայց հոդված այդպես էլ չգրեցի, ուստի որոշեցի այնուամենայնիվ ֆեյսբուքում գրել։
Ուրեմն, տատիկը ընկել էր իր բակում, կողոսկրը ջարդել ու գոռում էր։ Քանի որ բոլորի պատուհանները «եվրո» են, ոչ ոք չէր լսում։ Մերը երևի էնքան էլ որակյալ «եվրո» չի, մենք լսեցինք։ Բոլոր հարևաններին զանգեցի, դուրս եկանք։ Անձրև էր գալիս։ Իննսունն անց կինը եսիմ ինչքան էր այդ անձրևի տակ պառկած մնացել ու շարունակում էր մնալ, որովհետև իսկույն բոլորը հասկացան, որ կոտրվածք ունի և պետք չի շարժել մինչև շտապօգնությունը կգա։ Էդ ընթացքում հարևանները զրուցում էին։ Մի փողոց այնկողմ էլ գազի գրասենյակն է, գազի մարդիկ էլ էին եկել։ Ու գազի մարդկանցից մեկը հարևանուհուս ասում ա հետևյալը. «Մենք շատ վաղուցվանից լսում ենք էս տնքոցները, ուղղակի մտածում էինք՝ մարդդ ա քեզ ծեծում, ի՞նչ գործ ունենք խառնվելու»։ Էս հարևանուհիս կիրթ կին է, հոյակապ ընտանիք ունի, վատ զգաց իրեն, ասում է՝ իմ մարդը ինձ չի ծեծում։ Ու մեզնից ոչ մեկը չասեց՝ ասենք թե մարդն էր ծեծում, տալիս էր՝ սպաներ, ուրեմն տենց լսելու էիք, հա՞ էդ գոռոցները։ Տատիկով էի զբաղված, լսում էինք՝ ոնց է տնքոցների արանքում բոլորիցս ներողություն խնդրում....
Ախր, տատիկի էդ գոռոցները հոգին տակնուվրա էին անում, դրանք մահվան ճիրաններում հայտնված և ակնհայտորեն կամ տվյալ դեպքում՝ ունկնհայտորեն օգնության էին կանչում։ Մարդը, ուրեմն, կարող է լսել օգնության կանչը ու չխառնվել, որովհետև հնարավոր է՝ կինն է օգնություն խնդրում ամուսնուց պաշտպանվելու համար, իրենք ի՞նչ գործ ունեն, թույլ չտան, որ մարդը կնոջը սպանի, բա որ մի օր էլ ուրիշ մարդիկ թույլ չտան, որ իրենք անեն նույնը իրենց «սեփական» կանանց հետ։

Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք քրեական հոդված անտարբերության համար, բայց կարծում եմ՝ չկա ու ճիշտ կլինի, որ լինի։ Եթե մարդը տեսնում է, որ հանցագործություն է տեղի ունենում ու չի փորձում կանխել այն, հանցակից է ու նույն պատասխանատվությունը պիտի կրի, ինչ հանցագործության անմիջական իրականացնողը։ Հույս ունենալ, որ էս ժողովուրդը մի օր կարթանա ավելի բարոյական ու գիտակից, չի կարելի։ Բարոյականությունը պիտի պարտադրվի օրենքի ուժով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել