Ազնիվ խոսք, ապշել կարելի է մեր տեղեկատվական դաշտի աշխատանքի ցածր մակարդակից։ Ցածր մակարդակը դեռ մեղմ է ասված։ Վերցնենք նույն ՄՄ անդամակցության հարցը։ Ախր այնպես էլ չէ, որ իշխանությունների կամ էլ ընդդիմության վերնախավը պատվեր է իջեցրել իրենց ԶԼՄ-ներին, որ ՄՄ քլնգեն, բայց որ թերթը մտնես, որ կայքը մտնես, ինչ-որ հերթական լրագրողուհու, բլոգերիկի կամ էլ օգտատերիկի հեղինակային վերլուծություն է...
Մոտիվ՝ տվյալ մարդն ինչ-ինչ պատճառներով դեմ ա ԵԱՏՄ-ին անդամակցելուն. մեկը չի սիրում ռուսներին, մյուսը համարում ա, որ ինքը եվրոպացի ա ու մեր տեղը ԵՄ-ում ա (չնայած ԵՄ մեզ ոչ ոք չէր էլ կանչում), երրորդը համարում ա, որ դա կկործանի անկախությունը, չորրորդն էլ ա համարում այդպես, բայց որովհետև ինքը լսել ա, թե ինչ են համարում մյուս երեքը... Ու այսպես, ցածր մակարդակի ջուրծեծոցի, որտեղ ուշադրութւուն դարձնում են ամեն մանրունքի վրա, բայց ոչ կարևորի։
Լուկաշենկոն Պուտինին «Դուք-ով» դիմեց, իսկ Սերժին «Դու-ով»։ Մեր վայ վերլուծաբանների մեկնաբանությամբ դա նշանակում է, որ Հայաստանը նվաստացրին, Սերժին էլ չեն հարգում։ Իսկ խելացի տիկնայք ու պարոնայք, ես էլ իմ լուման եմ ուզում ունենալ. չի՞ կարող, ասենք, դա նշանակել, որ Լուկաշենկոն հիմա լարված է Պուտինի հետ, դրա համար էլ դիմում է ֆամիլիարության ու ջերմ հարաբերություններ ունի Սերժի հետ ու դիմում է «Դու»-ով...
Մեկ ուրիշ ապուշություն. ռուսական կապիտալը կճզմի տեղական բիզնեսը։ Ինչ-որ թերթ, իր ինչ-որ աղբյուրների վրա հղում անելով, ասում է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրություն են դրսևորում պետական գնումների ոլորտի նկատմամբ, ու քանի որ ԵՏՄ-ից հետո նրանց ավելի լավ պայմաններ են սպասում Հայաստանում, նրանք ճզմելու են տեղական այն ընկերություններին, որոնք պետության հետ առևտուր էին անում՝ պետական գնումների մակարդակով։ Բա այ խելոքներ, ինչի՞ մեկդ նման անհանգստություն չէր հայտնում, երբ քիչ էր մնում՝ Ասոցացումը ստորագրեինք, թե՞ Ասոցացման պայմանագրի տնտեսական մասը սկզբունքորեն տարբերվում էր ԵԱՏՄ-ի դրույթներից։ Կամ էլ թե չէ, էդ ինչո՞ւ եք մոռանում, հաճախ ինքներդ եք բողոքում, որ պետական գնումների ոլորտում բեսպրեդել է, ու հենց կոռումպացված չինովնիկներն են իրենք իրանց ընկերություններին բաներ պատվիրում ու պետբյուջեի միջոցները փոշիացնում։ Թող հիմա սովորեն մրցակցել, ու անձամբ ես թքած ունեմ՝ ատկատներով դիզված հարստությունները սկսեն փոշիանալ, որովհետև չեն կարողանում ռուսական կապիտալի դեմն առնել։
Ու վերջապես, պարոնայք լրագրողներ, բերեք մի քիչ հարգեք էլի ձեր մասնագիտությունը։ Ինձ հետաքրքիր չեն ձեր մասնավոր կարծիքներն ու դիրքորոշումները, դուք ինձ ավելի լավ է օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն մատուցեք, մեկ էլ անկողմնակալ վերլուծություններ, բայց ոչ էս տեղեկատվական աղբը, որ հիմա եք շփում աջ ու ձախ։