Քանի որ ինձ խիստ հակացուցել են քաղաքական թեմաներով գրառումներ կատարել և առհասարակ քիթ խոթել հասարակական-քաղաքական դաշտ, փորձում եմ ներքին քաղցս ու ենթագիտակցական պայքարս տեղափոխել այլ ոլորտ, այլ հորիզոն:
Հորիզոն, որտեղ ծեծ, ճնշում, սպանություն, ահաբեկում, կալանավորում, թալան, դանոսչիկություն չկա, որտեղ մարդկանց զարմացած ու հետաքրքիր հայացքներն են միայն ու փոմփոլիկով աղջիկների անփույթ շպարը:
Իսկ դուք գիտե՞ք, որ Կասկադի տերևի հուշարձանի մոտ պահակային ծառայություն կատարող հսկիչն ամեն օր` ժամը հինգն անց քառասուն, վերցնում է չգիտես որտեղից հայթայթած պլաստմասե բաժակով սուրճը, ծանր ճեմելով գնում տերևի դիմացի փոքրիկ հրապարակի ծայրը և արևի մեռնող նարնջագույն լույսին նայելով՝ ծխում. ծխում ու ծանր շնչելով նայում Երևանի կապույտ մշուշին:
Իսկ դուք գիտեք, որ ամեն առավոտ` ժամը ութին տասնհինգ պակաս, լֆիկաֆիկացված Փակ շուկայի մոտ գտնվող թերթի խանութը բացում է տիկին Անահիտը, միացնում ռադիոն, կարդում «Հայակական Ժամանակը» և ակնոցի տակից նայում ամեն անցորդի, ով ոտքը մի փոքր կախ է քցում իր փոքրիկ դղյակի առաջ:
Իսկ դուք գիտեք, որ ԵՊՀ հայ բանասիրության շենքի բուֆետում երկար դասամիջոցի ժամանակ մի փոքրամարմին աղջիկ` մանուշակագույն փոմփոլիկներով գլխարկը գլխին, ամենանուրբ ու առինքնող ձևով, բոլորին նրբիկ հրմշտելով մոտենում է գիրուկ վաճառողուհիներին, կապուչինո պատվիրում, վերցնում և նույն ճարպկությամբ դուրս գալիս: Դուրս գալուց հետո քայլերն ուղղում է դեպի Սև շենքը և անհետանում բազմության մեջ:
Իսկ դուք գիտեք, որ գեղեցկությունն ամենուր է, գեղեցկությունը հոսում է, ինչպես արյունն է հոսում երակներով: Գեղեցկությունը հոսում է, բայց այդ հոսքի մեջ մենք այնքան ենք սեղմված լինում ամբոխին, որ չենք նկատում այն` ակամայից դառնալով ամբոխից անջատված ու գեղեցկություն փնտրող ինչ-որ մեկի հիացմունքի արգասիքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/890908720954117?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել