4

- Պապ, ի՞նչ ես անում:
– Գրում եմ…
– Ի՞նչ ես գրում…
– Օրագիր:
– Օրագիր ես գրո՞ւմ, հայրիկ, ո՞ւմ համար ես գրում…
Հնչեց, որպես հռետորական հարց. անպատասխան թողեցի…

– Տես, Դավիթ, լույսը բացվել է… Կիրակի է…
– Պապա, կիրակի մանկապարտեզը փակ ա՞… Ես, դու, մայրիկը ո՞ւր ենք գնալու…

Արմինեն մնաց տանը. հայր և որդի Բլեյանները կիրակնօրյա զբոսանք սկսեցին՝ ոտքով կտրելով մեր տան հարևանությամբ գործող նշանավոր Վերնիսաժը. այս անգամ ոչ թե շների-կատուների հատվածն էր մեր հետաքրքրության տարածքը, այլ… գորգերը, կարպետները… Դրանք, դրանցից պատրաստված գլխաշորեր, գդակներ, գոտիներ, խուրջիններ… բոլորն էլ Թումանյան-Աղայան աշխարհքից ծանոթ-հարազատ են Դավիթ Բլեյանին. հատ-հատ նայեց, էնքա՜ն հարցեր տվեց, լսեց. առանձին գրելու նյութ է:

Հետո մետրոյի գնացքով բարձրացանք «Բաղրամյան» կայարանին կպած «Սիրահարների այգի»… Ո՛չ տոնական հագուկապ, ո՛չ մարդիկ… Դատարկ այգում (ցերեկը ժամը 2-ին մոտ) լավ թափառեցինք. հատուկենտ հանդիպող պապիկներին Դավիթը սիրով բարևեց, ներկայացավ, պատմեց իր ծննդյան օրվա շատ մանրամասներ… Հետո, այգու բոլոր բլուրները սիրով հաղթահարած Դավթի հետ ոտքով իջա Բաղրամյանի մայթով դեպի Կասկադ՝ Շուշոյին գտնելու… Վիեննային ավելի շատ այս հատվածներն են նմա՞ն. Շուշոն անգիր գիտի այս կողմերը, իրիկունն ուշ այս կողմերում է իր հավատարիմ ընկերախմբի հետ…

Ազգային ժողովի ընդարձակ այգին, որի վրա, որպես երևանցի, աչք ունեմ, պատմել եմ, փակ էր ու լեցուն շինարարներով… մի տեսակի եզրաքարերն ու սալիկները, բազալտե սալերը փոխարինվում են մի ուրիշ տեսակի նոր ու թարմով… Ահա թե որտեղ են մսխվում «Մեր կրթական պարտեզի»՝ բանգլադեշյան ուսումնական մեծ նախագծին անհրաժեշտ միջոցները. դրա իրագործումը միայն կարող է իմաստ հաղորդել իմ անխուսափելի 60-ամյակին կամ դառնալ միակ արժանի նվերը… Դառը հայացքով չափում եմ փոշու մեջ կորած ողջ տարածքը… Ռուդիկ Սահակյանց, Վահրամ Մարտիրոսյան, ինչո՞ւ չի կարելի այս օգտագործված մեծաքանակ սալիկները դարձնել Նոր դպրոցի պարտեզի անցումներ։

Շուշան Բլեյանն իմ օրագիրը կարդում, նրանից ազդվում է ու Դավթին իրենով անելու հնար է պատրաստել՝ տուփով «քինդեր»-ձվիկ՝ միանգամից երե՜ք հատ… Փառահեղ  քայլեցինք Երևանի աշխարհագրական կենտրոնով, որն անխնամ-փնթի էր… Սա Կոնսերվատորիայի այգի՞ է. Սայաթ-Նովա-Կոմիտաս հայտնի արձաններով, մայրաքաղաքի ամենասրտում, ջերմ, համարյա աշնանային  եղանակով այգին… լքված պահեստ-տարածք…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել