Եվա՛, գեղեցկուհի՛ս, ես գիտեմ, որ դու հիմա չես կարող կարդալ այս նամակը, գիտեմ, որ բառերը ի զորու չեն քեզ ոչինչ հասկացնելու, սակայն մյուս կողմից վստահ եմ, որ մարդկային զգացմունքների ամենամեծ թարգմանը` բռնցքաչափ սիրտը, առատորեն քեզ պիտի փոխանցի այն սերը, հուզումը, ջերմությունն ու հոգատարությունը, որոնք ես` քո հայրը, այս պահին համարձակվում եմ սահմանափկել սոսկ տառերի ու բառերի մեջ:
Ես (ու թերևս մայրիկդ ևս) այս մի քանի օրերի ընթացքում դեռևս չեմ հասցրել ըստ ամենայնի գիտակցել ու ընկալել, թե ի՛նչ բան է ծնող լինելը, բայց մի գաղափար, այն, որ Աստված մեզ` ծնողներիդ, շնորհ արեց մասնակից լինելու Իր արարչագործությանը, միայն երջանկության ու երախտագիտության արցունք է ծնում իմ աչքերում:
Միևնույն երջանկության հոգևոր վերապրումն ունեցա նաև այսօր`մկրտությանդ օրը. այսօր վերստին ծնվեցիր, Հոգուց ծնվեցիր: Գիտե՞ս, ես ժամանակին, երբ դեռ մանուկ էի (քեզանից ընդամենը մի քանի տարով մեծ), շատ երեխաների պես կարծում էի, թե նորածիններին խանութից են գնում: Միշտ մտածում էի, որ հայրիկիս` ինձ տրված գումարներից պետք է խնայեմ, որպեսզի երբ մեծանամ, կարողանամ գնել ամենաթանկ ու ամենալավ բալիկին: Այսօր վերհիշեցի այդ միամիտ մտածումս ու ժպտացի. քեզ արժանի գումար կուտակել, աղջի՛կս, ինձ երբեք չէր հաջողվի, հատկապես որ քեզ համար վաղուց վճարել են... Իր Արյամբ վճարել է քո իսկ Արարիչը` Քրիստոս Աստված...
Այս անցած 8 օրերի ընթաքում չափազանց շատ բարեմաղթանքներ եմ ժողովել քեզ համար` առողջ լինես, հաջողակ, ծնողներին լսող, երջանիկ...
Ցանկացած ծնող մաղթանքների այս ծաղկեփունջը կցանկանա ունենալ ու նվիրել իր զավակին, բայց... Ֆիլմերում անգամ այդպես չի լինում: Կյանքում բոլորին են հասու հիվանդությունները, անհաջողությունները, դժբխտության զգացումներն ու հակառակությունները, և սրանց հաղթահարումից, միայն ու միայն սրանցճիշտ հաղթահարումից են կախված քո երջանկությունը, առողջությունը, հաջողակ լինելը...
Դո՛ւ, փոքրի՛կ, այլևս միայն իմը չես: Իմացի՛ր, դու նախ և առաջ Քրիստոսինն ես: Նա՛ է, որ այսօր քեզ դարձրեց իր Արքայության ժառանգորդը, ծնեց որպես նոր մարդ` քեզ տրված նախամոր անունը փոխարինելով Աստվածամոր Մարիամ անունով: Նա՛ է քո Տերը, քո օգնականն ու ապավենը: Կյանքդ սկսվել է Նրանով և պարտականություն համարիր ապրել կյանքդ Նրանով...
Իմացի՛ր, փոքրի՛կս`
Եթե մի օր հանկարծ զգաս, թե միայնակ ես ու լքված, մի՛ հուսահատվիր, որվհետև Քրիստոս Որդին քեզ հետ է:
Եթե երբևէ բախվես դժվարության, մի՛ ընկրկիր. Տերն է քո օգնականը:
Եթե պատահի, որ տկարանաս մարմնական ախտով, մի՛ սպանիր հոգիդ. Աստված լսում է աղոթքները քո:
Եթե կարծես, թե պակասել է սերը մարդկանց, մի՛ չարացիր, այլ ներիր նրանց, որովհետև Քրիստոս սիրում է քեզ անմնացորդ ու բոլորից շատ:
Եթե անգամ մի օր ստիպված լինես վաճառել ամեն-ամեն ինչ, չվաճառես միայն Աստվածաշունչդ. դրանով է Քրիստոս խոսում քեզ հետ:
Եթե պարտադրեն ամեն բան ուրանալ, կարող ես ուրանալ մինչև անգամ ինձ, բայց ոչ երբե՛ք Աստծուն...
«Քանի որ նրանից, նրանով և նրա համար է ամեն բան։ Նրան փա՜ռքհավիտյանս։ Ամեն» (Հռոմ. 11:32):
Ես համոզված եմ, որ այն, ինչ հիմա ասում եմ քեզ, ամենևին էլ նորույթ չէ քեզ համար. հրեշտակները վաղուց պատմել են այն քեզ: Միայն թե, երբ տարիներ անց կյանքի ու մարդկանց, ծնողներիդ ու հարազատներիդ սխալները կբթացնեն ու մոռացնել կտան Աստվածային ճշմարտությունը, կարդա՛ նամակն այս, խնդրում եմ, և մի՛ մոռացիր քո ջինջ աղոթքներում հիշել քեզ սիրող հայրիկին ու մայրիկին:
Բարի գալուստ Կյանք. Տերը միշտ քեզ հետ, ի՛մ գեղեցկուհի:
Շատ եմ սիրում քեզ...
Քո` հայրիկ
17.04.2012
Նյութի աղբյուր՝ http://sarkavag.blogspot.com/2012/04/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել