Qahana.am-ը գրում է․

Ինչպե՞ս առաջին անգամ հանդիպեցիք Աստծուն:
Յուրաքանչյուր հայ ընտանիքում հոգևոր դաստիարակությունը սկսվում է փոքր հասակից: Սկսում են ինչ-որ մի բան ներկայացնել քեզ, ստեղծել մտքումդ: Քանի դեռ փոքր ես, չես կարողանում հասկանալ, թե ինչ է դա: Ինչպես բոլոր հայ քրիստոնյա ընտանիքներում, մեր ընտանիքում էլ այդպես սկսվեց՝ Հիսուսի մասին գրքեր, Աստծո մասին խոսքեր իմ ծնողներից: Բայց երբ արդեն հասունանում ես, ստեղծում ես քո հոգևոր աշխարհը, սկսում ես պատկերացնել այն ամենն, ինչ սովորել ես, ինչ քեզ ներկայացրել են: Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչպես էր, բայց զգացի, որ ինչ-որ բան կա:

Երբեմն կյանքում պահեր են լինում, երբ չես կարողանում պատասխաններ գտնել: Լինում ես դու, քո եսը, քո միայնությունը, ու սկսում ես փորփրել ինչ-ինչ բաներ: Այդ ժամանակ էր երևի, որ զգացի Աստծո ուժը ու սկսեցի մի քիչ տարանջատվել մարդ արարածից, որովհետև շատ դեպքերում, երբ մենակ եմ լինում, ավելի հանգիստ եմ: Մարդ արարածը շատ անգամ ամենանեղ պահերիդ կարող է խանգարել: Բայց երբ մենակ ես ու սկսում ես շփվել Աստծո հետ, այդ ժամանակ հոգու հանգստություն ես ստանում: Երբեմն ինչ-որ բանից նեղված, ինչ-որ բանից կոտրված մեկի հետ կիսվում ես, ու ընկճվածությունդ սաստկանում է: Դա կարող է լինել ընկերդ, ծնողդ, ով այդպես է վարվում ոչ թե վատ մտադրությամբ, այլ ուղղակի խորհուրդ է տալիս: Բայց երբ միայնության մեջ սկսում ես խոսել Աստծո հետ, սկսում ես ուժ ստանալ, ու հոգիդ ավելի հանգիստ է լինում այդ պահին:

Աստծուց որևէ նյութական բան ակնկալո՞ւմ եք:
Ոչ: Ես միշտ վատ եմ զգում, երբ եկեղեցում տեսնում եմ շարունակ լացող, պահանջող մարդիկ: Գեթ մեկ անգամ, երբ պահանջդ կատարվեց, արդյո՞ք գնացիր Տիրոջը շնորհակալություն հայտնելու: Չմոռանանք, որ եկեղեցին Աստծո տունն է, ուր գնում ենք նաև ուրախության պահերին: Եվ ուրախությունը թող պատճառ հանդիսանա, որ ժողովուրդը եկեղեցուն մոտենա:

Կպատմե՞ք ձեր կյանքում տեղի ունեցած հրաշքների մասին:
Այո: Վերջին հրաշքն իմ երեխայի ծնունդն էր, ով միանգամից փոխեց մեր կյանքը: Ես միշտ ասում եմ, որ այս ծանր սոցիալական պայմաններում միակ ուրախացնող բանն իմ բալիկն է: Երբ տուն եմ մտնում, ամեն ինչ մոռանում եմ:

Ինչպիսի՞ն էիք նախքան Աստծուն հանդիպելը և այդ հանդիպումից հետո:
Չեմ կարող ասել, թե մեծ տարբերություն կա: Եղել է մանկության շրջան, հետո արդեն երիտասարդ տարիքում սկսել եմ հավատալ, և ընդհանրապես, տարանջատում չի եղել, օրինակ՝ չէի հավատում, հետո սկսեցի հավատալ: Աշխատում եմ միշտ ապրել հետևյալ կերպ. իսկ եթե տեսնե՞ն, իմանա՞ն: Դա դարձել է ոչ թե վախ, այլ ապրելակերպ: Ոչ մի փակ բան չեմ սիրում, ամեն ինչ պիտի պարզ ու ակնհայտ լինի:

Վստահ եմ, որ աղոթում եք: Որքա՞ն հաճախ է տեղի ունենում այդ հանդիպումն Աստծո հետ: Ճիշտ է, Դուք հայտնի մարդ եք, բայց Աստծո առաջ բոլորը հավասար են:
Չեմ սիրում կաղապարներ: Եթե բարիք ես գործում, ապա դա պիտի շարունակական բնույթ կրի, այլ ոչ թե լինի միայն Ս. Ծննդյան և Ամանորի առթիվ, կամ էլ պահոց շրջանում: Պետք չէ միայն պահոց շրջանում բարեպաշտ քրիստոնյա լինել, իսկ տարվա մնացյալ ժամանակահատվածում թերանալ, ապրել այլ կերպ: Նույնն էլ աղոթքի պարագայում է: Դու կարող ես եկեղեցի գնալ կամ չգնալ, սակայն զրուցել Աստծո հետ: Ցավոք սրտի, միշտ չեմ կարողանում գնալ եկեղեցի, սակայն աշխատանքիս բերումով վերջերս սկսել եմ հաճախ գնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել