Ողջու՜յն հայ զինվոր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկ բանը՝ իր կյանքը չխնայող,խիզախ ու արիասիրտ զինվոր: Ճիշտ է, ես դեռ շատ փոքր եմ, բայց մայրս միշտ ասում է, որ երբ գնամ բանակ, ինքն ու հայրիկս կգան ու մոտակա գյուղում կամ քաղաքում կապրեն այդ երկու տարին, մինչև ծառայությունս վերջացնեմ: Երբ դեռ շատ բան չէի հասկանում, մայրիկիս ասում էի, որ չեմ ուզում ծառայել և չեմ գնա բանակ: Բայց հիմա ամաչում եմ իմ այդ խոսքերի համար: Այժմ հասկանում եմ, որ ես հանգիստ քնում ու առավոտյան զվարթ արթնանում եմ, որովհետև գիտեմ՝ հայրենիքիս սահմանն անառիկ է պահում աներկյուղ հայ զինվորը:
Հայրենասե՛ր ու քա՛ջ զինվոր, շուտով Ամանոր է: Ես իմ ընտանիքի անդամների հետ անհոգ ու երջանիկ կնշեմ տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոնը, իսկ դու ստիպված ես Նոր տարին դիմավորել հարազատներից հեռու: Ես ուզում եմ, որ այս տարվա Ձմեռ Պապն իմ երկրին խաղաղություն բերի, և դու ողջ ու առողջ վերադառնաս քո տուն: Շնորհակալ եմ քեզ անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ և ուրախ մանկության համար: Դու ամառ թե ձմեռ, գիշեր ու ցերեկ արթուն հսկում ես մեր երկրի անդորրը: Շատ եմ ուրախանում, երբ լսում եմ, որ նկատել ու վնասազերծել եք թշնամու այն զինվորին, որը փորձել էր մոտենալ իմ հայրենի հողին: Ասեմ նաև, որ միևնույն ժամանակ տխրում եմ, քանի որ թշնամու զինվորն էլ մարդ է, նա էլ մայր ու ընտանիք ունի:
Հա՛յ զինվոր, ես հպարտ եմ քեզանով և ամեն օր աղոթում եմ քո կյանքի համար: Դու երդվել ես հայրենիքիդ ծառայել իմ անհոգ մանկության համար: Ես էլ քեզ խոստանում եմ լավ սովորել ու մեր հայրենիքին արժանի զավակ լինել:
Սիրով՝ ապագա զինվոր Հրաչիկ Ավագյան