Բառերը, որ նզովքի էներգիա ունեն, ոնց էլ դասավորես, օրհնանք և աղոթք չեն դառնա.... Ինչպես անկարելի է նաև հակառակը՝ օրհնանքի բառերով անեծքի տեքստ չի կազմվում: Մարդու մտքի մեջ կարող են ծաղիկներ բացվել, բայց երբեմն դրանք վրիպած ծաղիկներ են, և ոչինչ չի կարող համոզել դրանք իր ներսում սնող-զորացնողին, որ էդ ծաղիկները պետք է արմատախիլ անել, որովհետև դրանց չարությունը շոշափուկներով անցնում է բառերին, որ անգամ օրհնանքի կամ առհասարակ բարի խոսքի մեջ, դառնում են անպայման դեպի իրեն վերադարձող անեծքի գործուն բառ-ծրագրեր.... 
Կանգ առ Բառի առաջ... 
Ի դեպ, հնարավոր է, որ հայհոյանք սիրողին մի օր բռնաբարում են.... Թեկուզ՝ երազում: 
Սիրում եմ զրնգուն հայերենը՝ կենդանի-ապրող-ապրեցնող, ոչ մեռած-բառարանային-դասագրքային և առանց տրոփի, այլ որ անգամ չարի, վատի, ատելիի մասին լինելիս՝ բարության բույր ունի...
Անկեղծ՝ իմ մտքի ծաղիկներին հակառակ բառ գրելիս՝ վատ զգացի... Առանց որևէ ծեքծեքումի՝ ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում: Եվ կանգ եմ առնում Բառի առաջ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել