ArmnewsTV.am-ը գրում է․
Հայոց ցեղասպանության կազմակերպման մասին փաստաթղթերը թուրքական արխիվից տեղափոխվել են այլ հաստատություն: «Ակօս» թերթին թուրք լրագրող և ուսումնասիրող Մուրաթ Բարդաքչըն հայտնել է, որ Թուրքիայի պատմագիտական ընկերության մի պաշտոնյա ժամանակին օսմանյան արխիվներից հանել է հայերի տեղահանության մատյանները և դրանք թաքցրել այլ հաստատության արխիվում: Բարդաքչըի խոսքով` դրանց հետ պահվել են նաև հայերի լքված գույքի մասին տվյալները:
Բարդաքչըի խոսքով` լավ ուսումնասիրության դեպքում հնարավոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևորագույն փաստաթղթերը գտնել: Դրանք թույլ կտան հենց օսմանյան փաստաթղթերի հիման վրա ապացուցել, որ աքսորյալ հայերի մեծ մասը սպանվել է և չի հասել աքսորավայր: Մուրաթ Բարդաքչըի ուշագրավ հայտարարությունը մեկնաբանել է պատմաբան Թաներ Աքչամը: Նրա խոսքով` փաստաթղթերը եթե գտնվեն, Հայոց ցեղասպանության ճանաչման համար հսկայական նշանակություն կունենան:
Թուրքիայում մարդու իրավունքների միությունը իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ ստեղծում է հիմնադրամ, որը զբաղվելու է Թուրքիայի արևելքում եղբայրական գերեզմանների բացահայտմամբ և ուսումնասիրությամբ: Թուրք իրավապաշտպանների խոսքով Թուրքիայում որևէ տեղ փորելիս մարդկային ոսկորներ են դուրս գալիս, որոնք հետևանք են հայերի ցեղասպանության, դրան հաջորդած տարիներին նաև քրդերի կոտորածների: Իրավապաշտպանները աջակցության համար դիմել են նաև դատախազությանը և մտադիր են հայտնաբերված ոսկորների հիման վրա զոհերի ԴՆԹ տվյալների բազա և եղբայրական գերեզմանների քարտեզ ստեղծել:
Տեսանյութը՝ այստեղ